Երգչուհի Սոֆի Մխեյանն այսօր մեկնում է ԱՄՆ: Երգչուհուն Միացյալ նահանգներ է տարել ոչ միայն նոյեմբերի 6-ին կայանալիք «Panarmenian Entertainment Awards» ամենամյա մրցանակաբաշխությունը, այլեւ մի շարք այլ ծրագրեր, որոնց մասին Սոֆին թռիչքից ժամեր առաջ պատմել է Life.panorama.am-ին:

«Նախ պետք է ասեմ, որ առաջիկա երկու ամիսը գերզբաղված եմ լինելու, սակայն ամենն իրականացնելու եմ մեծ սիրով, քանի որ բոլոր աշխատանքներն իմ սիրելի հանդիսատեսի համար են արվում: Մեկնում եմ ԱՄՆ, որտեղ մասնակցելու եմ «Panarmenian Entertainment Awards» մրցանակաբաշխությանը. Այստեղ Վիգեն Հովսեփյանի հետ մեր «Մի քիչ» երգով հանդես կգանք, նշեմ, որ հետաքրքիր ելույթ ենք նախատեսում մեր ամերիկաբնակ հանդիսատեսի համար: Ասեմ նաեւ, որ մրցանակաբաշխության ժամանակ իմ ելույթը այդքանով չի եզրափակվի. Շատ հետաքրքիր ու բուռն անակնկալ եմ նախապատրաստել, որի մասին չեմ բարձրաձայնի»,- պատմեց Սոֆին ու շարունակեց խոսել ամերիկյան պլաններից.

 

«Ես մի փոքր ավելի երկար կմնամ ԱՄՆ-ում, քանի որ հրավեր ունեմ' նոյեմբերի վերջին մասնակցելու հետաքրքիր ծովային ճանապարհորդության: Շատ մեծ նավի վրա հնգօրյա ճանապարհորդություն կունենամ, որի ընթացքում կմասնակցեմ համերգի ու սիրով կներկայացնեմ իմ երգացանկից մի քանի երգեր»:

 

Մինչ Ամանոր Սոֆին մի քանի համերգային շրջագայություններ էլ կունենա.

 

«Նոյեմբերի վերջին վերադառնալով Հայաստան' մի քանի օր անց կմեկնեմ Մոսկվա' մասնակցելու «Տաշի շոու»-ին, այնուհետեւ Հայկոյի, Նունե Եսայանի եւ Նազենի Հովհաննիսյանի հետ կմեկնենք Պարսկաստան' կրկին համերգային շրջագայության, այստեղից էլ վերադառնալով կմեկնեմ Կրասնոդար' մասնակցելու «Голос Армении» համերգին, որը կազմակերպել են Կրասնոդարում ապրող արցախցիներ. ինձ հետ ելույթ կունենան «Արցախի ձայներ» խումբն ու տաղանդավոր ջութակահար Սամվել Հայրապետյանը: Ի դեպ' նշեմ, որ կազմակերպիչների հետ ծանոթացել էի Ղարաբաղում, իսկ հիմա մեր ծանոթությունը ու ջերմ հարաբերությունները կշարունակվի Կրասնոդարում տեղի ունենալիք համերգին, ինչի համար շատ ուրախ եմ: Դե իսկ այսքան բուռն համերգային ամիսներից հետո Ամանորին արդեն Հայաստանում կմասնակցեմ տարբեր երեկոների, որոնց մասին կխոսեմ ավելի ուշ»,- պատմեց Սոֆի Մխեյանը:

 

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում