The Beatles-ի նախկին մասնակից Փոլ Մաքքարթնին կնկարահանվի «Կարիբյան ծովի ավազակները» ֆիլմի հինգերորդ մասում: Թե ինչ դեր Է խաղալու երաժիշտը, առայժմ չի ճշտվում: Ֆիլմի նկարահանումները գրեթե ավարտված են, բայց Մաքքարթնին կհայտնվի ոչ մեծ տեսարանում, որը կհավելեն ժապավենի վերջնական տարբերակին: Պրեմիերան նշանակված է 2017 թվականի մայիսի 26-ին:

 

Երգիչը կմիանա Ջոն Դեփին, Օռլանդո Բլումին և Ջեֆրի Ռաշային, որոնք կվերադառնան ֆրանշիզայում իրենց դերերին: Հինգերորդ կինոնկարում նկարահանվել է նաև Խավիեր Բարդեմը:

 

Ինսայդերների խոսքով՝ նոր ֆիլմը, որն ստացել է «Մեռյալները հեքիաթներ չեն պատմում» անվանումը, ոգով ու մթնոլորտով մոտ է «Սև մարգարիտի» նզովքը» առաջին ժապավենին:

 

Շարքի չորրորդ մասում՝ «Տարօրինակ ափերին» ֆիլմում նկարահանվել է Rolling Stones ռոք խմբի կիթառահար Քիտ Ռիչարդսը:

 

Փոլ Մաքքարթնին հայտնվել է հիմնականում վավերագրական ֆիլմերում, ինչպես նաեւ երգեր է ձայնագրել գեղարվեստական կինոնկարների համար: Let It Be ֆիլմի համար գրված համանուն կոմպոզիցիայի համար երաժիշտը The Beatles-ի կազմում «Օսկար» մրցանակ Է ստացել: