Մսե զգեստը, որով 2010 թվականին ամերիկացի երգչուհի Լեդի Գագան մասնակցել էր MTV-ի պարգևների հանձնման արարողություններից մեկին, վերածվել է տավարի ապխտած մսի, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Hollywood Reporter-ին: Հինգ տարում հագուստը փոքր-ինչ փոխել է ձևն ու գույնը, բայց, ամբողջությամբ վերցված, պահպանվել է:

 

Ինչպես պարզաբանել է Ռոք-ն-ռոլի փառքի սրահի ներկայացուցիչը, որտեղ ցուցադրված է զգեստը, հագուստի վրա աշխատել են տաքսիդերմիստները: Պահելու ընթացքում տավարի միսը, որից «կարված է» զգեստը, ապխտվել է: Եթե զգեստն ստիպված լինեն տեղափոխել, հարկ կլինի այն տեղավորել կլիմա-կոնտրոլով հատուկ բեռնարկղում:

 

Լեդի Գագան մսե հագուստով, որը բաղկացած էր զգեստից, կոշիկներից, գլխարկից և պայուսակից, հայտնվել է Լոս Անջելեսում MTV Video Music Awards 2010-ի պարգևների հանձնման արարարողության ժամանակ: Լրակազմն ստեղծել է դիզայներ Ֆրանկ Ֆեռնանդեսը: Նրա խոսքով՝ նյութն իրեն տրամադրել այն մսագործը, որը մթերք է մատակարարում իր ընտանիքին:

 

Հագուստը ցուցադրվել է Քլիվլենդի Ռոք-ն-ռոլի փառքի սրահում (Օհայոյի նահանգ): Այն դարձել է Women Who Rock-ի ցուցադրանքի բաղկացուցիչ մասը, որը նվիրված էր կնոջ դերին երաժշտական ինդուստրիայի զարգացման բնագավառում: Որպեսզի զգեստը պահպանվի, ստիպված այն նախ սառեցրել են, իսկ այնուհետև մշակել քլորակրով, ֆորմալդեհիդով և լվացամիջոցով: