Այժմ ԱՄՆ-ում բնակվող երգիչ, կոմպոզիտոր, սիմֆոնիկ դիրիժոր Մարատ Հայրապետյանը օրեր առաջ Լոս Անջելեսի «Արբատ» հանդիսությունների սրահում մեծ շուքով նշեց իր ծննդյան հոբելյանական տարեդարձը:

 

Երգիչը ESem.am-ին հայտնեց ծննդյան տոնի մարմամասները՝ հպարտությամբ թվարկելով նաև երեկոյի ընթացքում ստացած բազմաթիվ, զանազան մրցանակները՝ գնահատանքի հավաստագրերը, որոնց կանդրադառնանք ծննդյան տոնի գեղարվեստական մասը ներկայացնելուց հետո:

 

Տեղեկացնենք, որ երգչի ծննդյան տոնախմբությունը մեկնարկել է տերունական աղոթքով:

Հանդիությունը վարել են ասմունքող, հաղորդավար, ԱՄՆ-ում հեռարձակվող «Բարև» հեռուստածրագրի հիմնադիր Նունե Ավետիսյանը և հայտնի շոումեն, «Մեր Շոու» հեռուստանախագծի հիմնադիր Գրիշա Սանդալյանը:

Մարատի ծննդյան տոնին իրենց կատարումներով հանդես են եկել երգչուհիներ Գայանե Հովհաննիսյանը, Նառան, Էռնա Յուզբաշյանը, Արաքսյա Վարդերեսյանը, Անի Քրիստին, Լիա Կուռոյանը, երգիչներ Գևորգ Չաքմանյանը, Պապին Պողոսյանը, Ռազմիկ Մանսուրյանը, Միստեր X-ը, Արմենչիկը, Հրաչյա Մխիթարյանը (Չուկո) և այլք:

 

Մարատ Հայրապետյանը ESem.am-ին հայտնեց, որ միջոցառումը մեկնարկել է ջութակահար Մերուժան Մարգարյանի կատարումներով, որոնց հաջորդել է դուդուկահար Ռուբեն Հարությունյանի ելույթը:

 

Երգչի տեղեկացմամբ՝ 30 ամյակի կապակցությամբ իրեն շնորհավորելու են եկել Կալիֆորնիայում ապրող ամերիկյան հեղինակավոր համալսարանների դասախոսներ, ամսագրերի հիմնադիրներ, քաղաքական ու հասարակական, մշակույթի ու սպորտի, մեդիայի և կինոինդուստրիայի, գործարար աշխարհի, դատաիրավական ու բժշկական ոլորտների հայ և օտարազգի հայտնի գործիչներ:

Այսքանը՝ երգիչ, ՀՀ մշակույթի նախարարի նախկին խորհրդական Մարատ Հայրապետյանի ծննդյան տոնի գեղարվեստական մասից: Այժմ անցնենք նրա ծննդյան «պաշտոնական»՝ հավաստագրաշատ հատվածին:

 

Իր ծննդյանը Մարատ Հայրապետյանը պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրով և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի շնորհակալագրով, որոնք հոբելյարին է հանձնել Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ Արամ Սաթյանը:

 

Հայաստանյան իշխանության ներկայացուցիչների պատվոգրերով Մարատի պարգևատրումները չեն ավարտվել. նրան գնահատանքի հավաստագրեր են հանձնվել նաև ԱՄՆ կոնգրեսմեն Ադամ Շիֆի, Կալիֆորնիայի խորհրդարանի պատգամավոր Մայք Գատտոյի, Գլենդելի քաղաքապետի կողմից. վերջինիս կողմից գնահատանքի հավաստագիրը երգչին հանձնել է Գլենդել քաղաքի քարտուղար Արդի Քասախյանը:

Մարատի խոսքով՝ իր արվեստը հատուկ ուշադրության է արժանացել նաև Հայաստանյաց եկեղեցու կողմից. Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ գերաշնորհ սրբազան Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի կողմից նրան է տրվել օրհնության և գնահատության վկայագիր, Խորհրդանշական «եկեղեցի» հուշանվերով՝ Մեծի Տանն Կիլիկիո ԱՄՆ Արևմտյան Թեմի ազգային առաջնորդ գերաշնորհ սրբազան Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի կողմից:

Իր ծննդյան օրը, ի թիվս բազմաթիվ հավաստագրերի, երգիչը նաև ակադեմիկոսի կոչում է ստացել. այդ կոչումը նրան շնորհողը Ռուսաստանի Դաշնության բնական գիտությունների ակադեմիան է, որի արտասահմանյան անդամ է Մարատ Հայրապետյանը:

Չմանրամասնելով, թե մատուցած ինչպիսի ծառայությունների համար, Մարատ Հայրապետյանը միայն տեղեկացրեց, որ ծննդյան տարեդարձի երեկոյին  պարգևատրվել է նաև Հոնդուրասի կառավարության վաստակավոր ծառայության հատուկ պետական մրցանակով՝ Միջազգային հանրության համար իրականացրած ծառայությունների համար: Այն հոբելյարին հանձնել է Կալիֆորնիայի պատվավոր քաղաքացի, ակադեմիկոս, գիտությունների դոկտոր, USC համալսարանի պրոֆեսոր, ԱՄՆ ռազմաօդային ուժերի գեներալ, ԱՄՆ-ում Հոնդուրասի գլխավոր պատվո հյուպատոս Զորջ Չիլինգարը:

 


Տեղեկատվությունն ի մի բերեց Մարիա Բաղդասարյանը