Հոլիվուդի աստղ Էնթոնի Հոփքինսը գլխավոր դերերից մեկը կխաղա Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի «9+1» բազմասերիանոց ֆիլմում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:

 

Միխեիլ Սահակաշվիլիի եւ Միասնական ազգային շարժման իննամյա կառավարմանը նվիրված կինոնկարի ռեժիսոր Գոգա Խաինդրավան խոստանում է նկարահանումներին ձեռնամուխ լինել արդեն սեպտեմբերին, հայտնել է ռեժիսորի օգնական Լեւան Խաինդրավան վրացական «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում: Հայտնի է, որ վրացի դերասաններից ֆիլմում նկարահանվելու են Միխեիլ Գոմիաշվիլին եւ Նինել Չանկվետաձեն:

 

Ներկայում ռեժիսորի օգնականները բանակցություններ են վարում եւս մեկ հանրահայտ դերասանի՝ Նիքոլաս Քեյջի հետ: Վերջինս ֆիլմում պետք է խաղա պետության նախկին ղեկավար Միխեիլ Սահակաշվիլիի դերը: Ինչ վերաբերում է Էնթոնի Հոփքինսին, ապա միանգամայն հնարավոր է, որ նա կատարի օլիգարխի դերը: Ըստ այլ տեղեկատվության՝ նա կխաղա Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի դերը: Հոլիվուդյան աստղերի հոնորարի վերաբերյալ տվյալները չեն հրապարակվում:

 

Միխեիլ Սահակաշվիլիի եւ Միասնական ազգային շարժման իննամյա կառավարման մասին պատմող ֆիլմ նկարահանելու իր պլանների մասին Իվանիշվիլին այս տարվա հունվարին հայտնել էր վրացական «Իմեդի» հեռուստաընկերության եթերում: