DJ-ները պարզապես երաժշտություն չեն միացնում կամ անջատում. DJ-ները յուրահատուկ արվեստ են ստեղծում: Մարտի 9-ը DJ-ների համաշխարհային օրն է: Մասնագիտական տոնը հայ DJ-ների համար յուրահատուկ օր է: DJ-ների ասոցիացիայի ղեկավար DJ Dale-ն «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում տոնի առթիվ հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նշեց, որ որպես տոն այն բավականին երիտասարդ է՝ գրեթե 15 տարվա պատմություն ունի:


«Օրը բարեգործական խորհուրդ ունի: Ամեն տարի այս օրը շատ հայտնի արտիստներ նվագում են, և ստացված հասույթը փոխանցվում է բարեգործական հիմնադրամներին, որոնք աջակցում են հիվանդ երեխաներին»,- նշեց  DJ Dale-ը:

 

DJ Arik K.-ն էլ նշեց, որ DJ-ների «բախտը» չի բերում այն առումով, որ մասնագիտական օրվա նախօրեին մարտի 8-ն: 

 

«Միշտ աշխատանքային օր է լինում, և շատ դժվար է միջոցառումների հրավիրել: Այս տարի կփորձենք միջոցառում անցկացնել. նախատեսում ենք բոլոր DJ-ներով ձայնասկավառակ ստեղծել»,- հայտնեց նա: Arik K.-ն համոզված է՝ DJ-ները փորձում են նորույթ ստեղծել և առանձին երաժշտական ուղղություն:

 

Հայաստանյան DJ-ներն իրենց առջև նպատակ են դրել հնարավորինս մաքրել երաժշտական ոլորտն այն երաժշտությունից, որը ճաշակ է փչացնում: Նրանք ցանկություն ունեն բարձրացնել ակումբային երաժշտության և մասնագետների որակը:  

 

«Հայաստանյան հասարակությունը նախկինում չէր ընդունում մեզ` որպես արտիստների: Մեր երկրում կան մասնագետներ, որ չեն զիջում արտասահմանյան DJ-ներին: Իհարկե, կան լավ մասնագետներ, բայց իրենց DJ անվանող մարդիկ ավելի շատ են»,- ընդգծեց DJ Dale-ը՝ հավելելով, որ հայաստանյան DJ-ները համագործակցում են արտասահանյան գործընկերների հետ: Նրա խոսքով՝ շատ երկրներում մասնագիտությունը խոշոր բիզնեսի է վերածվել, օրինակ, իսպանական Իբիցայում DJ-ները շատ մեծ գումարներ են վաստակում:

 

Հայ DJ-ները յոթ տարի առաջ են առաջին անգամ նշել օրը: Վերհիշում են, որ շատ մարդիկ մասնակցեցին, և շատ լավ երեկո տեղի ունեցավ: Առաջիկայում նախատեսում են Հայաստան հրավիրել հայ DJ-ների՝ ամբողջ աշխարհից, և փառատոն կազմակերպել: