Մեքսիկական «Ambulante» կինոփառատոնում այս տարի կցուցադրվեն անվանի ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը:


 Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով փառատոնի պաշտոնական՝ambulante.com կայքը, կներկայացվեն Փելեշյանի «Տարվա եղանակներ» և «Վերջ» ֆիլմերը ։

 

10-րդ «Ambulante» կինոփառատոնն այս տարի կանցկացվի հունվարի 29-ից մայիսի 3-ը Մեքսիկայի 12 նահանգներում: Փառատոնն այս տարի հատուկ միջոցառումներ կկազմակերպի իր հիմնման հոբելյանի առթիվ:


Կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանը ծնվել է 1938թ. Լենինականում: Սովորել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետում: 1969թ. նկարահանել է «Մենք» կինոնկարը, որտեղ առաջին անգամ օգտագործել է «տարածական մոնտաժի» հիմնատարրերից և արժանացել Օբերհաուզենի միջազգային կինոփառատոնի պատվավոր դիպլոմի:


Նրա ֆիլմերը մեծ ճանաչման են արժանացել աշխարհում: 1996թ. պարգևատրվել է ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: 2000թ.` Փարիզի, 2006թ. Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնների ժամանակ արժանացել է մրցանակների: 1979թ. արժանացել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի, 2004թ.` ՀՀ ժողովրդական արտիստի կոչման:  Այժմ բնակվում է Մոսկվայում: