Ժողովրդական նվագարանների ծագումը հազարավոր տարիների անցյալ ունի: Շատերի պատկանելիության հարցը դեռևս լիարժեք բացահայտված չէ: Ինչ մեծ դերակատարություն է ունեցել հայ ժողովուրդը նվագարանների ծագման, զարգացման և տարածման գործում, որն է «Հնագույն նվագարաններ» հեղինակային ֆիլմաշարի նպատակը և այլ հարցերի շուրջ Լուրեր.com-ը զրուցել է «Հայ արտ» մշակութային կենտրոնի տնօրեն, «Հնագույն նվագարաններ» ֆիլմաշարի հեղինակ Ռիտա Շառոյանի հետ:

- Տիկի՛ն Շառոյան, ինչպե՞ս առաջ եկավ ֆիլմաշարի գաղափարը:


- Եթե պարզ ասեմ՝ սիրում եմ ազգային արվեստը, նոր բան չեմ ավելացնում, իմ ֆունկցիան ավելի շատ հանրությանը ներկայացնելն է: Շատ սիրուց դրդված դեպի ազգային ակունքները, դեպի նվագարանները՝ սկսեցի ֆիլմաշարը դուդուկից և չգիտեմ՝ ինչով կավարտեմ:

- Ո՞րն է ֆիլմաշարի նպատակը:

- Որպես «Հնագույն նվագարաններ» ֆիլմաշարի հեղինակ՝ նպատակ ունեմ այս ֆիլմերի միջոցով նոր ժամանակների մարդուն շարունակաբար ծանոթացնել մեր ազգային մշակույթի բյուրեղյա ակունքներին: Ճշմարիտ է ասված. «Ճանաչիր, որ սիրես» և ուրեմն, 21-րդ դարի մարդիկ, դիտենք այս ֆիլմերը, որ ճանաչենք, ճանաչենք, որ սիրենք, սիրենք, որ ապրեցնենք:

- Ամբողջ ինֆորմացիան որտեղի՞ց եք ստանում:

- Որտեղից հնարավոր է՝ մատենագրություն, մատենադարանի արխիվներ, համապատասխան գրականություն: Պետք է ասեմ, որ այդ չարչարանքը շատ ծանր ու հաճելի է:

- Ֆիլմաշարն սկսել եք դուդուկից: Ինչպե՞ս եք ընտրում ֆիլմերի հերթականությունը:

- Ամենաշատ հիշատակվող գործիքն է, երևի դրա համար, բայց ֆիլմերի նպատակը գործիքի ծագումնաբանության հաստատումը չէ, այլ այն, որ հայ մարդը պատրաստում է գործիք և ինչով է այն տարբերվում այլ տարածաշրջանում պատրաստված գործիքից: Ֆիլմերում ես չեմ պնդում, որ գործիքները հայկական ծագում ունեն, բայց դրանք նայելուց հետո, քեզ լավ ես զգում, որ հայ ես: Մենք ցույց ենք տալիս գործիքը պատրաստողին: Հնամենի ժամանակներից փրկված մեր նվագարաններն այսօր մեր մշակութային գանձերի գերակշիռ մասն են կազմում և, ցավոք, կարծես որբ լինեն: Ամենևին կարևոր չէ՝ գործիքը հայկական է, թե ոչ, ես իմ առջև դրել եմ խնդիր, թե ինչով է հայկական: Այսինքն՝ հայ մարդը, հայ երաժիշտը, կատարողն ինչ են ավելացրել այդ գործիքի կյանքում, որը մի քանի հազար տարվա ճանապարհ է անցել և եկել հասել է մոդեռն գլոբալիզացիայի դարաշրջան: Այ, այստեղ է մեր հայի մասնակցությունը:


- Հասարակության ո՞ր խավն է ձեր հանդիսատեսը:

- Բոլոր խավերը: Բացարձակ արժեքներ կան' մայրություն, բարոյականություն, հայրենասիրություն, դա հայրենասիրության բացարձակ արժեքի մեջ եմ ես դնում' նվագարանները: Տարիքային ոչ մի սահմանափակում չկա:

- Ինչ-որ բան արվում է, որ ֆիլմերն ավելի մասսայական ցուցադրվեն:

- Որոշ հեռուստաալիքներ ցուցադրում են ֆիլմերը: Ես շատ երախտապարտ եմ իրենց, որովհետև իրենք այնքան բարձր գնահատեցին այդ գաղափարը, այդ նվագարաններն ապրեցնելու, նոր շունչ հաղորդելու, նոր սերնդին ներկայացնելու, թե՝ նայե՛ք, չեք կտրվի դրանից:

- Ֆիլմում ոչ միայն նվագարանների մասին ինֆորմացիան է, այլ նաև մեր բանաստեղծների ստեղծագործություններն եք օգտագործել:

- Այո, դրա համար էլ ֆիլմերը կոչվում են գեղարվեստավավերագրական: Օրինակ, Քամանչան, գեղարվեստափաստագրական ոճի մեջ է, կարելի է հպարտորեն ասել, որ այդ բոլոր չափանիշներն ապահովում է տեխնիկապես, որակապես:

- «Հնագույն նվագարաններ» ֆիլմաշարում արդեն 7 ֆիլմ ունեք: Կա՞ ֆիլմ, որն ամենաշատն եք սիրում:

- Չեմ ուզում այդպես ասել, բայց կարող եմ օրինակ բերել մարդու ձեռքի վրա: Ձեռքը միասնական է, բայց մատները տարբեր են, չափով, ձևով: Ես ո՞ր մեկը սիրեմ: Եթե մեկին առավել սիրեմ՝ դրանք ամբողջական չեն դառնա: Իրենք էլ չեն ուզի բաժանվել իրարից:

- Ո՞րն է լինելու հաջորդ ֆիլմի «հերոսը»:

- Անկեղծ որ ասեմ՝ դեռ ոչ, քնարը դեռ նոր ենք վերջացրել, նա դեռ պետք է մեջիցս դուրս գա, իր անկախ կյանքն ունենա, նոր անցնենք հաջորդին:

Ես պատահաբար չեմ ընտրում գործիքները, ընտրում եմ իրենց ճակատագրի համար:

Օրինակ, բամբիրը շատ մոռացված էր, մեկ էլ բերում, դարձնում ես այսօրվա երաժշտության անբաժանելի մաս:

Քնարի հնարավարությունների մասին ո՞վ գիտեր, ես էլ չգիտեի այդքան: Բայց որ խորանում ես, չես կարողանում այլևս պոկվել, շատ հետաքրքիր է:

- Ունե՞ք մեկը, ով ամենակարևոր հանդիսատեսն է:

- Ունեմ, կա հանդիսատես, որ մշտապես ներկա է լինում: Օրինակ, Հովհաննես Չեքիջյանը, Երվանդ Ղազանչյանը, այսօրվա լավ մտավորականները միշտ ներկա են լինում: Չեմ ուզում շատ անուններ տալ, կարող է մեկին մոռանամ, նեղանան:

- Ինչի՞ց եք ոգեշնչվում:

- Սիրում եմ այդ գործը, երևի դրանից: Եվ հետո մի անգամ, եթե դիտողություն անեին, վատաբանեին, հնարավոր է հիասթափվեի, բայց յոթի մասին էլ լավ արձագանք կա, ուրեմն արժեք ունի:

Ես շատ եմ ասում, որ դիտողություններ ու նկատողություններ անեն, որ հաջորդ ֆիլմն ավելի լավը լինի, բայց այնպիսի մեկնաբանություններ են անում, որ աննկարագրելի է: Ֆիլմերը շատ սիրված են:

- Ձեր ամենասիրելի գործիքը ո՞րն է:

- Դաշնամուրը:

- Իսկ հնարավո՞ր է ֆիլմ լինի դաշնամուրի մասին:

- Դեռ ոչ: Որովհետև դաշնամուրը մոռացված չէ: Իմ խնդիրը մոռացվածներին վերակենդանացնելն է: Ես առհասարակ արվեստի գործը տեսնելով, փորձում եմ այն ստեղծողի համար մի լավ բան անել: Իմ կարգախոսն է. «Ում սիրում եմ, պարտական եմ իրեն»: Իսկ ինչքան շատ ես սիրում, այնքան քո պարտավորությունները մեծանում են: Ես չգիտեմ, բոլոր լավ մարդկանց առջև ինձ պարտավորված եմ զգում:

Զրուցեց Լիա Թահմազյանը