Երիտասարդ արվեստագետը վստահ է՝ արվեստն ու քաղաքականությունը կապված են: Այս մասին «Արմենպրես»-ի հետ իր կարծիքը կիսեց գյումրեցի նկարիչ Կարեն Բարսեղյանը: Նշենք, որ սեպտեմբերի 1-7-ը Հայաստանում անցկացվող «Նկարիչների փոխայցելություններ» նախագծի առաջին փուլի շրջանակում, Թուրքիայից Հայաստան ժամանած երիտասարդ արվեստագետները, իրենց հայ գործընկերների հետ մասնակցում են ամենատարբեր միջոցառումների՝ այդ թվում նաև  վարպետաց դասերի:

 

Ծրագիրը, որի հիմնական առանցքում արվեստի դերն է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցում, նախատեսում է նաև այցելություններ Հայաստանի տեսարժան վայրեր: Ծրագրի այդ բաղադրիչի շրջանակում օգոստոսի 4-ին հայ և թուրք արվեստագետները Գյումրիում էին, որտեղ ևս մասնակցեցին վարպետության դասերի, որը վարում էր Կարեն Բարսեղյանը: Խոսելով հայ-թուրքական տարբեր շրջանակներում իրականացվող նմանատիպ ծրագրերի մասին՝ Կարեն Բարսեղյանը նշեց, որ հատկապես վերջին տարիներին այդպիսի ծրագրերի թիվն ավելացել է: «Այս ծրագրերի արդյունքում լավ արվեստագետ ընկերներ ենք ձեռք բերում:

 

Ընդհանուր առմամբ, միանշանակ ասել, որ արվեստը քաղաքականություն չի ճանաչում՝ սխալ կլինի: Այսօր կան արվեստի ճյուղեր, որոնք զբաղվում  են զուտ քաղաքական արվեստով, բայց շատ բան արվեստագետի մտածողությունից է՝ եթե ուզենա՝ արվեստը քաղաքականության հետ կկապի, չուզեց՝ չի կապի: Դա արվեստագետի ու իր ասելիքի խնդիրն է»,-նշեց երիտասարդ նկարիչը`վստահեցնելով, որ այս ծրագրում չկա քաղաքականություն, այն հիմնված է զուտ արվեստի վրա:

 

«Նկարիչների փոխայցելություններ» նախագիծն իրականացնում են «Հանրային լրագրության ակումբ» և «Անատոլու Քյուլթու» ՀԿ-ները՝ «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակում, Թուրքիայի ութ հասարակական կազմակերպություններից բաղկացած կոնսորցիումը: 18-ամսյա ծրագիրը մեկնարկել է 2014 թվականի հունվարին:

 

Այն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝  «Կայունության գործիքի» շրջանակում: Նպատակն է աջակցել քաղաքացիական հասարակության ջանքերին՝ ուղղված մշակութային և կրթական ծրագրերի միջոցով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն ու փակ սահմանների բացմանը: Նախագծի հայաստանյան փուլը կավարտվի սեպտեմբերի 7-ին, հոկտեմբերին կհաջորդի հայաստանյան խմբի այցը Թուրքիա:

 

Արմենուհի Մխոյան