Չինաստանն սկսել է արհեստական կղզիներ կառուցել Հարավչինական ծովում՝ Սպրատլի վիճելի կղզիների շրջանում: Այդ մասին հաղորդել է Bloomberg-ը՝ վկայակոչելով Ֆիլիպինների Կալայանի մունցիպալիտետի (Պալավանի նահանգ) քաղաքագլուխ Էուխենիո Բիտո-օնոնին:

 

Նրա խոսքով՝ կղզիներն ստեղծվում են Դուբայում Արմավենիների արհեստական կղզեխմբի համանմանությամբ: «Շինարարությունը զանգվածային է և ընթանում է առանց ընդհատումների: Դա Չինաստանին թույլ կտա ամբողջովին վերահսկել Հարավչինական ծովը»,- հայտարարել է Բիտո-օնոնը:

 

Պարասելյան կղզիները եւ Սպարտլի կղզեխումբը, ինչպես նաեւ դրանց շուրջն ընկած տարածքը վիճարկվում են միանգամից վեց պետությունների՝ Վիետնամի, Չինաստանի, Տայվանի, Մալայզիայի, Ֆիլիպինների և Բրունեյի կողմից: Այս տարածաշրջանը կարեւոր է այդ երկրների համար, քանի որ այդ ջրերով են անցնում առավել բանուկ ծովային ուղիները և այն հարուստ է նավթի ու գազի պաշարներով:

 

2012 թվականին չինական ռազմանավերը վերահսկողության տակ են վերցրել Սկարբորո Շոլ վիճելի կղզեխումբը, որն ավելի վաղ պատկանում էր Ֆիլիպիններին: Անցյալ ամսին ՉԺՀ-ի և Վիետնամի միջեւ հակամարտություն է սկսվել Չինաստանի ճնշման պատճառով, որն իր նավթաշտարակն Է կանգնեցրել այն ջրերում, որոնց հավակնում է հարեւանը: Վիետմամում սկսվել են հակաչինական ցույցեր, որոնց հետևանքով զոհվել են ՉԺՀ-ի մի քանի քաղաքացիներ: