Եթե ձեր ամուսինը ցրված է, մոռանում է ձեր հարսանիքի տարեդարձը կամ ձեր նոր հարևանի անունը, մի անհանգստացեք: Դուք միակը չեք, ում տանը ապրում է մոռացկոտ տղամարդ: Նույնիսկ գիտնականներն էին զարմացած տղամարդկանց մոռացկոտության վրա: Գրում է Doctors.am-ը:

"Չափազանց զարմանալի էր հայտնաբերել, որ տղամարդիկ ավելի մոռացկոտ են, քան կանայք: Նախկինում դա հաստատված չէր: Նաև զարմանալի էր տեսնել, որ նրանք մոռացկոտ են դառնում 30-ից 60 տարեկանում: "Արդյունքները միանշանակ էին", - ասում է Տրոնդհայմի Գիտության և տեխնոլոգիաների նորվեգական համալսարանի պրոֆեսոր Ջոստեյն Հոլմենը: Արդյունքները տպագրվել են BMC Psychology պարբերականում:

Հոլմենը և իր գործընկերները ինը հարց էին տվել այն մասին, թե որքան լավ են մարդիկ, իրենց կարծիքով, հիշում ինչ-որ իրադարձություն կամ տարեթիվ: Սա երբևէ անցկացրած ամենամեծ առողջապահական հետազոտությունն էր, որտեղ հարցման էին ենթարկվել 48000 մարդ:

Մասնակիցներին հարցրել էին, թե որքան հաճախ են նրանք խնդիրներ ունենում որևէ բան հիշելիս, լինի դա անունների, թե ամսաթվերի հիշելը, հիշում էին նրանք արդյոք ինչ էին իրենք անում մեկ տարի առաջ, կամ կարող էին արդյոք հիշել որևէ զրույցի մանրամասներ: Տղամարդիկ նշում էին խնդիրներ 9-ից 8 հարցերում:

"Մենք բազմաթիվ ենթադրություններ էինք անում, թե ինչու են տղամարդիկ ավելի հաճախ խնդիրներ ունենում հիշողության հետ, քան կանայք, սակայն պատասխանն այդպես էլ չգտանք: Սա դեռևս չբացահայտված առեղծված է," – ասում է Հոլմենը:

Կանայք ունենում են նույն խնդիրները հիշողության հետ, ինչ որ տղամարդիկ, սակայն ավելի փոքր չափով: Անուններ և ամսաթվեր հիշելը կանանց մոտ նույնպես դժվարություններ էր առաջացնում:

Հետազոտությունը նաև ցույց տվեց, որ ավելի բարձր կրթություն ունեցողները ավելի քիչ են մոռանում ինչ-ինչ բաներ, քան կրթություն չունեցողները: Անհանգիստ մարդիկ, կամ դեպրեսիայով տառապողներն ավելի շատ են մոռանում, քան այլ մարդիկ: Սա ճշմարիտ է և կանանց, և տղամարդկանց համար:

Մանրամասները` Doctors.am-ում: