Life.panorama.am-ի զրուցակիցն է երգչուհի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը:

 

-Դուք «Հայաստանի ձայնը» նախագծի ժյուրիի կազմում եք: Սոցցանցերում հաճախ քննադատում են Ձեզ և ձեր գործընկերներին կողմնապահություն անելու, արժանի մասնակիցներին դուրս թողնելու համար: Համաձա՞յն եք այս մոտեցմանը:

-Ես առհասարակ համամիտ չեմ դիլետանտ կարծիքների հետ: Գտնում եմ, որ յուրաքանչյուր մարդ, ով այդ ոլորտից է ու կարծիք է արտահայտում, այդ մասին գաղափար չունեցողը գոնե պետք է հասկանա դա: Համամիտ չեմ այդ մոտեցմանը: Ժյուրիի անդամները անտեղյակ են մասնակիցների ով լինելուց, հետևաբար կողմնապահություն լինել չի կարող:

 

-Շատ դեպքերում գովում եք մասնակցին, բոլորով ծափահարում, բայց, այնուամենայնիվ, չեք ընտրում: Քանակական սահմանափակումնե՞ր կան մասնակիցների ընտրության հարցում:

-Սահմանափակում կան, անշուշտ: «Հայաստանի ձայնը» նախագիծը ունի հստակ ձևաչափ, բայց հիմա ինչ-ինչ պայմաններից ելնելով, ավելին ասել չեմ կարող:

 

-Հատկապես ընդդիմադիր օգտատերերը ֆեյսբուքում ինտենսիվ քարոզչություն են իրականացնում Ձեր դեմ: Ըստ Ձեզ ինչո՞վ է դա պայմանավորված:

-Գուցե խոսելու բան չունե՞ն: Դրանք անհեթեթ խոսակցություններ են: Եթե այնպիսի քայլ անեի, որ կվնասեր իմ երկրին, կհասկանայի ինձ «Լինչի դատաստանի» ենթարկելու այդ ցանկությունը: Մի՞թե վատ է ունենալ մշակույթի ոլորտում պրոֆեսիոնալ մշակույթի ներկայացուցիչ, ով կկարողանա փոփոխություններ կատարել:

 

-Օրեր առաջ Արցախում էիք: Մեր տեղեկություններով՝ ԼՂՀ Ձեր այցի նպատակը բարեգործական ակցիաներ իրականացնելն էր: Ի՞նչ ակցիաներ են իրականացվել, մի փոքր մանրամասնեք:

-Արցախ էի մեկնել ուսուցչի միջազգային օրվա կապակցությամբ: Այս անգամ «Ակունք» խմբի հետ միասին Մարտակերտում ունեցանք բարեգործական համերգ, ինչպես նաև հյուրասիրություն կազմակերպեցինք Մարտակերտի 36 գյուղերի 39 դպրոցների տնօրենների ու վետերան ուսուցիչների համար: Բոլոր դպրոցների տնօրենները ստացան նվերներ: Իսկ 12 դպրոցներ ստացան նաև բարեգործական օգնություն ' հագուստ, ուսումնական պարագաներ և այլն:

 

- Միայն Արցախո՞ւմ եք իրականացնում բարեգործական ակցիաներ:

-Նման ակցիաներ իրականում են ոչ միայն Արցախում: Ես վաղուց մի նամակ էի ստացել Մեծամորի բնակիչներից մեկից, ով բազմազավակ մայր է: Նրա 5 երեխաներն էլ զբաղվում են արվեստով մեկը երգում է, մյուսը նկարում է, մյուսները' ջութակ և շվի նվագում: Այդ նամակում գրված էր. «Իմ երեխաները սիրում են իրենց գործը' արվեստը, խնդրում եմ օգնել մեզ ուսումնական հարցով»: Ես անարձագանք չթողեցի նամակը ու իրենց օգնություն ցույց տվեցի ինչքանով , որ կարողացա' տաք հագուստ, ուսումնական պարագաներ, սնունդ և այլն:

 

-Արցախում կատարած ձեր բարեգործական միջոցառումները Ձեր սեփակա՞ն նախաձեռնությամբ են իրականցվում:

-Սա իմ կողմից իրականացրած ոչ առաջին և ոչ էլ վերջին բարեգործությունն է լինելու: Նման ակցիաներ ես իրականացնում եմ երկու դեպքում էլ, այս դեպքում դա իմ նախաձեռնությամբ է արվել, իհարկե իմ ընկերների աջակցությամբ: Քանի որ ես չունեմ բիզնես, իսկ համերգային գործունեությունս այնքան էլ ակտիվ չէ, ոչ իմ ցանկությամբ, օգնություն եմ ցուցաբերում այնքանով , որքանով կարողանում եմ:

 

 

-Ինչո՞ւ որոշեցիք զբաղվել քաղաքականությամբ:

-Ուզում եմ ինչ-որ բան փոխվի մշակույթի ոլորտում: Իմ նպատակն է վերականգնել հայի մշակութային դիմագիծը, վերջնականապես ջախջախել այն միտքը, թե ազգային մշակույթը կեղծ կատեգորիա է: Երբեք չգնացի երկու կոպեկ ավել վաստակելու կոմպրոմիսի և չեմ գնա:

 

-Ի՞նչ գործունեություն եք ծավալում որպես պատգամավոր:

-Օրենսդիր մարմնում զբաղված եմ մշակույթի պահպանության հիմնահարցերով և միակ մշակութային մարդն եմ, ով ներկայացնում մշակույթը և գտնվում եմ մշակույթի հանձնաժողովում: Որպես պատգամավոր աշխատում եմ սահմանային գծում ակտիվացնել մշակութային կյանքը: Կոնկրետ Մարտակերտում բացեցինք խմբակներ' նկարչական, երաժշտական, թատերական ասմունքի: Իրականցվեցին տարբեր համերգային ծրագրեր, ցուցահանդեսներ:

 

-Հաջողվե՞լ է ձեզ իրականացնել այն մտադրությունը, որի համար մտաք քաղաքականություն:

-Որոշակիորեն այո, բայց դեռ անելիքներ շատ ունեմ: Երկու տարվա իմ քաղաքական կարիերայի ընթացքում կատարել եմ մշակութային կյանքում փոփոխություն մտցնելու քայլեր:

 

Չե՞ք փոշմանել քաղաքական ասպարեզում հանդես գալու համար:

-Եվ այո, և ոչ: Չեմ փոշմանել, որովհետև քաղաքականության ընձեռած հնարավորությունները շատ են ցանկության դեպքում քո պետությանն օգնելու համար և իմ կատարած քայլերի արդյունքի համար, իսկ դա ակնհայտ երևում է: Բայց ափսոսում եմ, որ տեսնում եմ մարդկանց մեջ այդքան չարություն կա: Քաղաքականությունը ներսից լրիվ այլ պատկեր ունի: Ես այդ ոլորտում հանդիպեցի մարդկային տեսակների, որոնց իմ կյանքի ընթացքում չեմ հանդիպել:

 

-Երբևէ մտածե՞լ եք նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին:

-Երբեք այդ մասին չեմ մտածել, հիմա էլ չեմ մտածում: Հային պետք է տղամարդը ղեկավարի, թեև հայ կինը շատ ուժեղ կերպար ունի:

 

 

-Ինչպե՞ս եք համատեղում աշխատանքը ընտանեկան հոգսերի հետ: Բավարար ժամանակ կարողանու՞մ եք հատկացնել ամուսնուն և երեխաներին:

-Վերջերս ոչ այնքան, քանի որ բավականին ծանրաբեռնված գրաֆիկով ենք աշխատում «Հայաստանի ձայնը» նախագծի շրջանակում: Ազգային ժողովի իմ աշխատանքը այնքան էլ ինձ չի խանգարում:

 

-Ինչպիսի՞ մայր է Շուշան Պետրոսյանը:

-Առաջնահերթ ես իմ երեխաների հետ ընկերություն եմ անում: Իսկ թե ինչպիսին եմ ավելի ճիշտ ու անկեղծ կպատասխանեն երեխաներս, իսկ նրանք միշտ ասում են' շատ լավ մայրիկ: Ամենակարևորը երբեք նրանց հուսախաբ չեմ անում յուրաքանչյուր խոստում իրականացնում եմ:

 

-Ունե՞ք հատուկ բաղադրատոմս, որ ձեր մտերիմները նախընտրում են ուտել բացառապես ձեր պատրաստածը:

-Ամեն ինչ մեծ սիրով եմ պատրաստում, գուցե դա է համեղ լինելու գաղտնիքը: Հատուկ բաղադրատոմսով պատրաստում եմ ձիթապտուղը, որը իմ մտերիմները շատ են սիրում: Ասում են ոչ թե լավ եմ պատրաստում, այլ շատ լավ:

 

-Ազատ ժամանակ ինչո՞վ եք սիրում զբաղվել: Ակտիվ, թե՞ պասիվ հանգիստ եք նախընտրում:

-Եթե ազատ ժամանակ եմ ունենում մեկնում եմ Ղարաբաղ: Հիմա այնքան էլ ազատ ժամանակ չունեմ, բայց եթե, այնուամենայնիվ, գտնում եմ փոքր տղայիս հետ մանկական ֆիլմեր եմ նայում, նաև կարդալ եմ շատ սիրում' Գաբրիել Գարսիա Մարկես, Ռիչարդ Բախ, Ռեմարկ:

 

-Առաջիկա ի՞նչ ծրագրեր ունենք: Մտադիր ե՞ք շարունակել երգարվեստով զբաղվել:

-Հիմա երգարվեստում գործունեություն հիմնականում չեմ ծավալում, քանի որ ինձ հիմա այնքան էլ հաճախ համերգների չեն հրավիրում, պատճառը չգիտեմ: Որևէ մեկը ինձ չի հարցրել ուզում եմ երգել, թե ոչ, այլ միայն իմ տեղն են որոշումներ կայացնում: Տեսահոլովակներ և նոր երգեր չեմ պատրաստվում ձայնագրել, քանի որ ավելի արդյունավետ բանի վրա կարող եմ ծախսել գումարներ:

 

Հեղինակ Աննա Դանիելյան