Ասում են' աղջիկներին հատուկ է մի զգացմունք, որը նախ և առաջ իրենց է վնասում' թույլ չտալով առաջ գնալ և կերտել սեփական ուղին: Նախանձ: Այս անգամ խոսելու ենք մարդկային ամենամեծ արատներից մեկի մասին, որը կարող է փչացնել ամենալավ հարաբերություններն ու ամենակայուն թվացող ընկերությունը, ինչպես նաև պատնեշ դառնալ նոր հարաբերություններ կառուցելու համար: Երևույթը կարող է նաև անքնության, եղունգները կրծելու և տան պարագաները կոտրելու պատճառ դառնալ:
Նյարդային լարվածությունը, որ առաջ է գալիս նախանձի պատճառով, վնասում է հենց նախանձողին, այնպես որ, պետք է մի լավ մտածել' արժե՞ նախանձել. այդ ժամանակն ու էներգիան կարելի է ավելի տեղին օգտագործել և հասնել նպատակակետին: Քո հաջողությունը քո´ ձեռքերում է, այնպես որ, գործի´ անցիր :)
Երևույթը վերագրում են աղջիկներին, այդ իսկ պատճառով զրուցել ենք իգական սեռի ներկայացուցիչների հետ, ովքեր ևս կարծում էին, որ աղջիկների անունն է շահարկվում, սակայն տղաները ոչնչով չեն զիջում:
Հայտնի մարդիկ հաճախ են հայտնվում նախանձի կիզակետում, հետևաբար լավ են պատկերացնում խնդրի էությունը :)
Տաթևիկ Ադումյան. «Իմ մասին խոսողներն ինձ «օգնում» են առաջ գնալ»
Դերասանուհի Տաթևիկ Ադումյանի խոսքերով' իր համար բարդ է խոսել նախանձի մասին, քանի որ այդ զգացումն իրեն շատ խորթ է: Անգամ փոքր տարիքում նա չի նախանձել որևէ մեկին: «Ըստ իս' նախանձի հիմքում ընտանիքի բացթողումն է. հասունացման շրջանում ծնողը քիչ է շփվում երեխայի հետ: Եթե մարդ կարողանում է ձերբազատվել նախանձից, նշանակում է հզոր մարդ է,- ասաց Տաթևիկն ու ընդգծեց, որ նախանձից ձերբազատվելու համար պետք է գիտակցել սեփական առավելություններն ու աշխատել դրանք զարգացնելու վրա' հավելելով,- նախանձն առաջանում է թերարժեքության զգացումից: Ինքնաքննադատ լինելը շատ լավ է, սակայն թեարժեքությունն այլ բան է»:
Ըստ դերասանուհու' ինքն ուշադրություն չի դարձնում իրեն նախանձողներին: «Գուցե նախանձում են, սակայն դա ինձ վրա չի անդրադառնում: Ես ավելի կարևոր գործեր ունեմ, քան ինձ նախանձողների մասին մտածելը: Եթե իմ մասին չխոսեն, չնախանձեն, դա արդեն վատ է, նշանակում է ինձանից ոչինչ չեմ ներկայացնում: Իմ մասին խոսողներն ինձ «օգնում» են առաջ գնալ,- ասաց նա և հավելեց, որ նախանձը միայն աղջիկներին հատուկ չէ: -Կարծում եմ' տղաների մեջ նախանձն ավելի շատ է: Չկայացած տղան նախանձում է կայացածին' կարծելով, թե նրա բախտը բերել է, և չի մտածում, որ դա ոչ թե բախտի, այլ աշխատանքի արդյունք է»:
Քրիստինե Պեպելյան. «Չես կարող ասել' ես շատ բարի թույնով եմ թունավորում քեզ»:
Երգչուհի Քրիստինե Պեպելյանը վստահեցնում է, որ երբևէ չի մտածել այն մասին, որ կան մարդիկ, ովքեր իրեն նախանձում են: «Գուցե ես ուղղակի չեմ ապրում այդ տեսակ մտքերով, չեմ կենտրոնանում այն մտքի վրա, որ մարդը կարող է չար լինել»,- ասաց Քրիստինեն ու հավելեց, որ այն հայտնիները, ովքեր իսկապես զբաղված են իրենց գործով, ժամանակ էլ չունեն մտածելու, որ իրենց նախանձում են: -Հավատացե´ք, հայտնի մարդիկ հիմնականում չեն էլ նկատում իրենց նկատմամբ նախանձը: Եթե մարդն իր էությամբ սրտաբաց և լուսավոր է, երբեք չի նախանձում և չի նկատում դա»:
Ըստ Քրիստինեի' բարի և չար նախանձ չկա: «Իրականում նախանձը թույն ունի իր մեջ: Չես կարող ասել' ես շատ բարի թույնով եմ ուզում թունավորել քեզ,- ասաց Քրիստինեն' նշելով, որ շատ կարևոր է նաև, թե ինչպես է դիմացինդ ընկալում քո խոսքերը:- Լինում է իրավիճակ, երբ ինչ-որ բան տեսնում ես ու ասում' երանի ինձ մոտ էլ այսպես լիներ: Դա չի նշանակում, որ նախանձում ես, սակայն եթե դիմացինդ ամեն ինչի մեջ ենթատեքստ ու վատ բան է տեսնում, կարող է որպես նախանձ ընկալել»: Քրիստինեի հավաստմամբ' փոքր տարիքում էլ ուրախացել է այն ամենով, ինչ ունեցել է և երբեք չի մտածել, թե մյուսն իրենից ինչով է առավել, որ ունի ավելին, քան ինքը: «Միշտ մտածել եմ, որ ամեն ինչ ժամանակի հարց է: Կարիք չկա դա դարձնել կյանքի հարց ու հիվանդանալ դրանով՚,- նկատեց երգչուհին:
Նրա համոզմամբ' նախանձը մարդուն բնությունից է տրվում, սակայն ընտանիքն էլ իր դերն ունի դրա զարգացման հարցում, քանի որ երեխան սպունգի պես կլանում է ամեն բան: «Ամեն դեպքում, չեմ հավատում, որ մարդը, ով իր էությամբ նախանձ է և անկուշտ, չի կարողանում ուրախանալ այլ մարդկանց հաջողությամբ, կկարողանա փոխվել: Իմ կարծիքով' դա մարդկային տեսակ է: Մարդն այդպիսին ծնվում է»,- ավելացրեց Քրիստինեն:
Ըստ նրա' նախանձը սեռային տարանջատում չունի. «Դա մարդկային որակ է, այսինքն' անորակություն, որ հատուկ է բոլորին»:
Անահիտ Կիրակոսյան. «Կյանքը շատ կարճ է նախանձելու համար :)»
Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը ևս կարծում է, որ նախանձը բխում է անբավարարությունից և թերարժեքությունից' միաժամանակ նշելով, որ սեփական մաշկին զգացել է, թե ինչ է նախանձը: Ըստ նրա' «Լիակատար երջանիկ մարդը նախանձելու խնդիր չունի: Նախանձը հիմնակնում աղջիկներին է հատուկ, սայկան վայն եկավ, տարավ այն տղային, ով կնախանձի»:
Անահիտի խոսքերով' նախանձի դրսևորումների բախվել է դեռևս ուսանողական տարիներին, սակայն թատրոնում և հեռուստատեսությունում ևս առկա է այդ խնդիրը: «Դերասանական ասպարեզում շատ ես բախվում այդ խնդրին, քանի որ մարդիկ գլխավոր և երկրորդական դերերի համար իրար նախանձում են: Կարծում եմ' եթե յուրաքանչյուր ոք հասկանա, որ ունի իր դերն ու տեղն այս կյանքում, չի նախանձի մյուսին: Երբ ես ստացա Անուշի դերը, թատրոնի ավագ սերնդի դերասանուհիներից մեկն ինձ ասաց' «Աղջի´կ ջան, որպեսզի դու Անուշ խաղաս, նախ և առաջ պետք է լինես Լոռվա դաշտերում, զգաս այնտեղի շունչը», ես էլ ասացի' «տիկին, ես լոռեցի եմ :)»: Նախանձող մարդն ինքն իրեն է խանգարում: Այն մարդը, ում նա նախանձում է, կարող է չիմանա էլ այդ մասին ու հանգիստ ապրել: Կյանքը շատ կարճ է նախանձելու համար :)»
Դերասանուհու համոզմամբ' մարդն ի ծնե նախանձ չէ. նախանձ դառնում են հանգամանքների բերումով: «Կյանքի տարբեր փուլերում զարգանում են մարդու դրական կամ բացասական հատկանիշները: Մենք մեր ընտանիքի և շրջապատի շնորհիվ ենք կազմավորվում: Չար երեխա չկա»,- ասաց Անահիտը' ընդգծելով, որ ցանկության դեպքում ամեն բանի դեմ կարելի է պայքարել:
Շարունակությունը՝ այստեղ: