Համացանցում մեծ տարածում է գտել հայ հայտնիների հոնորարների չափի մասին մի նյութ, որը նրանցից շատերի վրդովմունքն է առաջացրել: Դե բնական է, մերոնք չեն սիրում խոսել հոնորարների մասին: Նրանք նշում են որ գոհ կամ դժգոհ են դրանց չափից, սակայն թիվ չեն բացահայտում: Իրականում մեզ մոտ ոչ աստղային հոնորարներ կան, ոչ էլ մեծ թվով աստղեր: Շոուն բիզնեսի վերածել ու երգով մեծ գումարներ աշխատել քչերին է հաջողվում:
Արմեն Մովսիսյանի փոխանցմամբ՝ Ռազմիկ Ամյանի՝ 6000 դոլարի դիմաց 20 րոպե երգելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Փորձառու պրոդյուսերի հետ խոսեցինք իր երգիչների՝ Ռազմիկ Ամյանի և Մարտին Մկրտչյանի շահութաբեր լինելու և ոլորտի գնային քաղաքականության մասին:

 

«Ինչ վերաբերում է իմ երգիչներին, կարող եմ ասել, որ մեր պարագայում ոլորտն առավել քան շահավետ է,- ESem.am-ին ասաց Արմենը, ով հայկական շոու բիզնեսի լավագույն պրոդյուսերներից մեկի համբավն ունի, քանի որ կարողանում է ճիշտ քաղաքականություն վարել:
Մի շարք երգիչներ հստակ գնային քաղաքականություն էլ չունեն, քանի որ նրանց ռեյթինգն անընդհատ տատանվում է: Ըստ պրոդյուսերի՝ երգչի և՛ լռությունը, և՛ նոր տեսահոլովակը, և՛ հարցազրույցը պետք է ճիշտ ժամանակին և տեղին արվի. «Արդարացված լռությունը պետք է երգչին»:
Արմենի փոխանցմամբ՝ իրենք հստակ գնային քաղաքականություն են վարում, որը պատվիրատուից կախված չի փոփոխվում: «Եթե լինում են մարդիկ, ում հետ կոլեգիալ հարաբերություններ են, ելույթը կարող է լինել նվերի տեսքով, սակայն ոչ իջեցված գներով»,- ասաց Արմենն ու նշեց, որ երգչի հոնորարները հաշվելը կոռեկտ չէ:

Ինչ վերաբերում է ներկայացված թվերին՝ դրանք կարող են կեղծ լինել: Պրոդյուսերն ընդգծեց, որ երգիչները կարող են շատ բարձր թվեր ասել, սակայն չգտնվի մարդ, ով նրանց վճարել է այդպիսի գումար. «Անհայտ կամ հայտնի մեկը կարող է 60 հազար դոլար պահանջել մեկ ելույթի համար: Սակայն հարցի մյուս կողմն է՝ նրան երբևէ վճարե՞լ են այդպիսի գումար»:
Արմենի փոխանցմամբ՝ երգչի գինը որոշվում է հաշվի առնելով մի քանի բան. համերգային ծրագրերի քանակը, պահանջարկն ու տվյալ շրջանում նրա վայելած մասսայանակությունը:
Այն, որ Հայաստանում չեն սիրում խոսել հոնորարների մասին, որևէ մեկի համար գաղտնիք չէ: Ինչ վերաբերում է արտերում այս հարցին ավելի թեթև նայելուն՝ Արմենն ասաց. «Արտերկրի և Հայաստանի ամենամեծ տարբերությունն այն է, որ այնտեղ երգչի համերգի, ոչ թե կոմերցիոն ելույթի գնի մասին են խոսում: Խոսքն, իհարկե, համաշխարհային աստղերի մասին է, որոնց կոմերցիոն ելույթները չափազանց մեծ գումարներ արժեն»:

Պրոդյուսերն առաջիկայում բացառիկ անդրադարձ է խոստացել ESem.am-ին:) Ի դեպ, Արմենի խոստացած նախորդ բացառիկ անդրադարձը Մարտին Մկրտչյանի և Հռիփսիմե Հակոբյանի հարսանիքն ու սիրո պատմությունն էր, այնպես որ, շարունակի՛ր հետևել մեզ:)

Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը