Ի՞նչ են խոսում. այսօր դուդուկահար Ջիվան Գասպարյանի թոռան՝ Ջիվան Գասպարյան կրտսերի հարսանիքն է:

Իրականում. ուրախալի լուրը համապատասխանում է իրականությանը: Երիտասարդ դուդուկահարն ու ընտրյալը՝ Նվարդը, Ջիվանի ընկերոջ՝ Սարգսի քավորությամբ, (վերջինս ժամանել է Ռաստովից), Աստծո օրհնությունը կստանան այսօր՝ Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում:

esyes.am-ը զրուցեց փեսայի՝ Ջիվանի հետ, ով էլ մեզ հարսանեկան արարողությունից մի քանի մանրամասներ պատմեց:
«Ես ու Նվարդը մեկ տարի է, ինչ իրար ճանաչում ենք, չգիտեմ, թե ոնց եղավ, որ սկսեցինք ընկերություն անել ու ինչպես եղավ իմ սիրո խոստովանությունը, միայն գիտեմ, որ այսօր ամուսնանում ենք :)»,- կես կատակ, կես լուրջ ասաց դուդուկահարը:

Ջիվանի խոսքերով' իրենք մեծ հարսանիք չեն ծրագրել. հարսանեկան խնջույք էլ չի լինելու:
«Հարսանեկան խնջույք որոշել ենք չանել, մեզ համար կարևորը Աստծո օրհնությունը ստանալն է, եկեղեցում էլ կլինեն միայն մեր մտերիմ հարազատները»,- նշեց Ջիվանը:
Ըստ նորափեսայի' ինքը հարսի կերպարի հետ կապված հարցերին չի միջամտել, ամեն ինչ Նվարդը ինքնուրույն է որոշել:

«Ես հարսի զգեստն անգամ դեռ չեմ տեսել. ասում են' մինչ հարսանիքը փեսան չպետք է այն տեսնի, ես էլ չեմ տեսել»,- ավելացրեց կրտսեր Ջիվանը:
Ավագ Ջիվանը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Ջիվան Գասպարյանն էլ դեռ թոռանը չէր հանձնել իր նվերը:
Տեղեկացնենք, որ պսակադրությունից հետո զույգը 10 օրով կմեկնի Մալդիվյան կղզիներ' վայելելու մեղրամիսը:

esyes.am-ը շնորհավորում է նորապսակներին՝ մեծ սեր և երջանկություն մաղթում: