Աշխատակիցներդ արդեն վերադառնում են արձակուրդից ու սկսում անվերջ խոսել իրենց անցկացրած անմոռանալի հանգստից, իսկ դու այս ամառ արձակուրդ չես գնում. ստիպված ես աշխատել ամռան այս շոգ ամիսներին:

Օրերը հաշվելու փոխարեն կարելի է այս ժամանակամիջոցն օգտակար կերպով անցկացնել. այ օրինակ՝ ինչու չուսումնասիրենք, թե ինչ կապ ունի աշխատունակությունը գրասենյակիդ դիզայնի, կահավորանքի, ինչպես նաև՝ գրասեղանիդ իրերի դասավորության հետ... Խորհուրդներ, որոնք կօգնեն քեզ «չթոշնել» աշխատավայրում այս շոգին, «պատվով» հաղթահարել անարձակուրդ ամառն ու արձակուրդից վերադարձած գործընկերներին մի լա՜վ զարմացնել:

Ըստ Գայանե Գալստյանի

 

«Ճիշտ» գույներ

Աշխատասենյակի գունային ձևավորումն ուղղակիորեն անդրադառնում է աշխատունակության վրա. պատճառն այն է, որ գույնի 80%-ը մենք ընկալում ենք ոչ թե աչքերի, այլ նյարդային համակարգի միջոցով: Եթե աշխատասենյակիդ պատերը «գունազարդելու» հնարավորություն ունես, ապա մի՛ հապաղիր: Տաք գույները, օրինակ՝ նարնջագույնը կամ բաց կարմիրը, բարձրացնում են աշխատունակությունը, սակայն պետք է ընտրել ավելի մեղմ երանգներ. հակառակ դեպքում դրանք կարող են ակտիվացնել ագրեսիվ հակումները և խանգարել կենտրոնանալուն: Իսկ սառը գույները (կապույտ, մանուշակագույն) հանգստացնում են՝ առաջացնելով քնկոտություն: Կանաչ գույնն օգնում է հանգստացնել լարված աչքերն ու լցվել լավատեսությամբ:

Աշխատանքային նեյտրալ տրամադրության ստեղծման համար խորհուրդ է տրվում բաց մոխրագույնը՝ համադրված վառ դետալներով. ստեղծված կոնտրաստի շնորհիվ գրասենյակն ավելի հարմարավետ և տրամադրող կդառնա:

Ճիշտ սեղան

Եթե ունես ընտրության հնարավորություն, ապա խորհուրդ է տրվում նախապատվությունը տալ բնական փայտից պատրաստված սեղաններին. փայտե կահույքը տրամադրում է զրուցելուն, մինչդեռ ապակուց սեղանները ենթագիտակցորեն առաջ են բերում զգուշավորություն և անվստահություն: Սեղանի վրա փայլուն, մետաղական տարրերը նպաստում են չմտածված որոշումներ կայացնելուն:

! Չմոռանաս բնական ծաղիկների ու բույսերի մասին:

Բեռնաթափիր ուղեղդ

«Որքան շատ ավելորդ իրեր կան քո սեղանին, այնքան քո ուղեղը դանղաղ է աշխատում»,- ասում է Դեյլ Քարնեգին: Ազատիր սեղանդ անպետք թղթերից ու իրերից, թող միայն օրվա ընթացքում քեզ անհրաժեշտ պարագաները:

Այն փաստաթղթերն ու իրերը, որոնք ամենահաճախն ես օգտագործում, աշխատիր պահել քեզ հնարավորինս մոտ՝ քո սեղանի դարակներում և ոչ թե այլ պահարաններում, որպեսզի զուր էներգիա ու ժամանակ չծախսես դրանք փնտրելու կամ բերելու համար:

Հիշեցում քո հաջողությունների մասին

Գրասեղանիդ վրա այնպիսի իրեր դիր, որոնք ոգեշնչում են քեզ ու հիշեցնում քո ձեռքբերումների մասին. օրինակ՝ կոնֆերանսին քո հաջող ելույթի լուսանկարը կամ որևէ խորհրդանշական արձանիկ: Եթե համակարգիչ ես օգտագործում, ապա էկրանիդ կարող է լինել մտերիմներիդ լուսանկարը կամ համեղ քաղցրեղենի նկար (ինչպես ինձ մոտ է). կարճ ասած՝ այն, ինչ բարձրացնում է տրամադրությունդ:

Մի քիչ ֆեն շույը չի խանգարի

1. Եթե չունես առանձնասենյակ, ապա աշխատավայրում հարմարավետ զգալու, ինչպես նաև արդյունավետ աշխատելու առաջին նախապայմանն է այն, որ ստեղծես քո փոքրիկ անկյունը: Եթե նույնիսկ քո կոլեգաները շատ ընկերասեր են, քեզ անհրաժեշտ է «սեփական» տիրույթ, որտեղ կունենաս պաշտպանվածության զգացում. սա կօգնի ավելի հեշտ կենտրոնանալ աշխատանքիդ վրա: Այս հարցում քեզ կօգնեն դեկորատիվ պատնեշները կամ մեծ ծաղիկները, որոնցով կարող ես շրջապատել սեղանդ:

2. Խուսափիր անմիջապես քեզ վրա ընկնող ուժեղ լույսից և, ընդհանրապես, գլխիդ ուղղությամբ կախված ցանկացած առարկայից:

3. Մի՛ նստիր մեջքով դեպի դուռը. դա կոչվում է «հարված մեջքին»: Եթե չես կարող տեղդ փոխել, ապա հայելի տեղադրիր դիմացի պատին կամ «երգող» զանգակներ՝ դռան վրա: Այդպես դու կլսես ու կտեսնես՝ ով է սենյակ մտնում և չես լարվի՝ ենթագիտակցորեն «վեր թռչելով» ամեն ձայնից, աղմուկից կամ դռան կողմից երևացող ստվերներից:

4. Խորհուրդ չի տրվում նաև մեջքով նստել դեպի պատուհանը: Ըստ ֆեն շույի՝ այս դեպքում քո բոլոր նախագծերը կձախողվեն և երբեք չեն իրագործվի:

5. Մի՛ նստիր կահույքի կամ պատերի սուր անկյունների մոտ, ինչպես նաև բացվող հայելային դռների կամ պահարանների առաջ. սեղանդ պետք է տեղադրված լինի պատի մոտ այնպես, որ դու կարողանաս տեսնել սենյակի դուռն ու պատուհանը. այսպես դու կկարողանաս միշտ վերահսկել իրավիճակը:

Գտիր քո՛ գրասենյակի «տարերքը»

Համաձայն ֆեն շույի՝ կա 5 հիմնական տարերք՝ կրակ, ջուր, փայտ, մետաղ և հող:

ԿՐԱԿ - կարմիր. այս գույնը շարժուն և հաջողակ մարդկանց գույնն է, սակայն կարմիրի չարաշահումը հանգեցնում է զայրույթի և անհավասարակշռված վիճակի:

ՋՈՒՐ - սև, մուգ կապույտ. այս գույներն օգնում են լինել ավելի հանգիստ ու հավասարակշռված: Չարաշահումը կարող է քեզ դարձնել ավելի խոցելի և անվճռական:

ՓԱՅՏ - կանաչ և բաց կապույտ. սրանք զգուշության և դեպի հաղթանակը հաստատուն քայլերով շարժվելու գույներն են: Չարաշահելու դեպքում կա անհետաքրքիր դառնալու վտանգ:

ՄԵՏԱՂ - արծաթագույն, ոսկեգույն, սպիտակ ու մոխրագույն. այս գույները հարստության և հաջողության գրավականներն են, սակայն չափից դուրս շատ օգտագործելու դեպքում տանում են ագահության և հուսահատության:

ՀՈՂ - դարչնագույն, բեժ. այս գույները հաղորդում են հաստատակամություն և վստահություն, չարաշահման դեպքում՝ չարդարացված համառություն և թուլություն:

P.S. Կարծում եմ՝ գլխումդ արդեն պտտվում է աշխատասենյակդ «վերակենդանացնելու» մի քանի գաղափար։ Ինչու ոչ, ինքդ քեզ նվեր արա, ու բարձր տրամադրությունդ ապահովված կլինի ;)