Աշխարհում գոյություն ունեն բազմաթիվ տարօրինակ օրենքներ, որոնք թույլ չեն տալիս քաղաքացիներին մոռանալ ցանկացած կանոնի մարդկային բնույթի մասին։ Tert.am-ը՝ հղում տալով Forbes-ին ներկայացնում է տասնյակ արգելքներ, որոնք կարող են միմյանց հետ մրցել ամենաանհեթեթը համարվելու համար։

Համբույրի արգելք

2009-ին անգլիական Ուորինգթոն քաղաքի կայարանում համբուրվելու արգելք է սահմանվում։ Երկաթուղու աշխատակիցները որոշում են, որ ուղևորների և ճանապարհողների հույզերի արտահայտումը խանգարում է շրջապատի մարդկանց, ինչպես նաև կարող է կուտակումներ առաջացնել։ Համբույրների համար հատկացվում են առանձին վայրեր։ Շուտով այդ արգելքը չեղյալ է համարվում, սակայն նման արգելքներ շարունակում են գոյություն ունենալ այլ երկրներում։
Օրինակ՝ կայարաններում համբուրվելն արդեն ավելի քան 100 տարի արգելված է Ֆրանսիայում։ Իսկ ահա Դուբայում հասարակական վայրերում համբուրվելու համար տուգանք կամ ազատազրկում է սպառնում։ Մալայզիայում համբուրվելու համար տուգանքը կազմում է 75 դոլար, իսկ Ինդոնեզիայում նման արարքի համար կարելի է հայտնվել բանտում՝ 10 տարի ժամկետով։

Խորհրդարանի շենքում մահանալու արգելք (Մեծ Բրիտանիա)
Տվյալ արգելքն ընդունվել է հեռավոր 1313-ին և գործում է մինչ այժմ, չնայած վերջին 7 դարերի ընթացքում այն չեղյալ համարելու փորձեր բազմիցս արվել են։ Համաձայն անգլիական օրենքների՝ խորհրդարանի շենքը պաշտոնապես պատկանում է թագավորական ընտանիքին և թագավորական պալատի կարգավիճակ ունի։ Այդ պատճառով էլ այստեղ մահացածն իրավունք ունի հուղարկավորվել պետության հաշվին։ Արգելքն այսպես ասած՝ ապահովագրություն է չնախատեսված ծախսերից։

Ձնագնդիկներ նետելու արգելք (Բելգիա)
Նման անմեղ խաղը, ինչպես ձնագնդիկներով մարտը, 2013թ. հունվարից Բելգիայի բնակիչներին, ինչպես նաև երկրի հյուրերին կարժենա 100 եվրո։ Այդ խաղը բելգիացի օրենսդիրները հավասարեցրել են քարեր նետելուն։

Մաստակի արգելք (Սինգապուր)
Իր փողոցների մաքրությամբ հայտնի Սինգապուրում ավելի քան 20 տարի է գործում է մաստակի արգելքը։ Մաստակի ներմուծումը և վաճառքն արգելվել է 1992-ին։ Հիմնական պատճառը քաղաքային մետրոպոլիտենի աշխատանքի խափանումներն են եղել. մաստակը հաճախ մնացել է գնացքների դռների արանքում և ուշացումների պատճառ դարձել։ Այժմ այն վաճառվում է միայն դեղատներում։ Հարկ է նշել, որ զբոսաշրջիկների մոտ մաստակի առկայությունը կամ ծամելը չի տուգանվում։ Իսկ ահա փողոցում նետված մաստակի համար ստիպված կլինեն մեծ տուգանք վճարել։

Յուրահատուկ անունների արգելք (Նոր Զելանդիա)
Առաջին հայացքից կարող է թվալ, որ երեխայի անվան ընտրությունը միայն ծնողներին է վերաբերվում։ Սակայն առանձին երկրներում գոյություն ունեն նույնիսկ երեխային անվանակոչելու սահմանափակումներ և արգելքներ։ 2011-ին Նոր Զելանդիայում հրապարակվել է 102 անունների ցանկ, որոնք արգելվում է տալ երեխաներին, օրինակ՝ Լյուցիֆեր, Մեսիա, Հիտլեր, ինչպես նաև այնպիսի անուններ, որոնք կազմված են թվերից կամ մեկ տառից։

Մանրադրամներով վճարելու արգելք (Կանադա)
Փետրվարին հայտնի է դարձել, որ Կանադայի դրամահատարանը դադարեցնում է ամենամանր՝ 1 ցենտ մանրադրամի թողարկումը։ Չնայած որ դրամը շրջանառություն մեջ է գտնվում 1858-ից, հրաժարվել դրանից կանադացիների համար հեշտ կլինի, քանի որ երկրում 1985-ից գործում է մանրադրամներով վճարելու արգելք։

Բարբի տիկնիկի վաճառքի արգելք (Իրան)
Իրենց դստերը միլիոնավոր մարդկանց կողմից սիրված Բարբի տիկնիկը նվիրել չեն կարող իրանցի ծնողները։ Պատճառն ուժի մեջ մտած օրենքն է, որն արգելում է երկրում վաճառել հայտնի խաղալիքը։ Երկարոտն շիկահերին համարել են իսլամական ավանդույթներին անհամապատասխան դեռևս 1996-ին, սակայն մինչև 2012թ. խաղալիքը չի հանվել խանութներից։ 2002-ին վաճառքում են հայտնվել Սառա և Դառա տիկնիկները, որոնք Բարբիի և Քենի իսլամական տարբերակն են դարձել, սակայն մեծ ճանաչում դրանք այդպես էլ ձեռք չեն բերել։

Մահվան արգելք (Նորվեգիա)
Նորվեգիայի իշխանություններն արգելել են Լոնգյիր քաղաքի բնակիչներին մահանալ։ Քաղաքը գտնվում է Շպիցբերգեն արշիպելագում, իսկ բնակիչների թիվը մոտ 1.000 է։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ հավերժ սառույցի պայմաններում մարդկանց այստեղ չեն թաղում։ Սառած հողում հանգուցյալների մարմինները հիանալիորեն պահպանվում են և այդպիսով գրավում սպիտակ արջերին։ Այդ պատճառով էլ ծանր հիվանդներին և վտանգավոր վնասվածք ստացածներին անհապաղ տեղափոխում են այլ քաղաք։

Գիրացման արգելք (Ճապոնիա)
21-րդ դարի ամենագլոբալ խնդիրներից բժիշկները նշում են ճարպակալումը։ Խնդրի դեմ պայքարել Ճապոնիայի իշխանությունները սկսել են պետական մակարդակով՝ արգելքների օգնությամբ։ 2008-ին Ճապոնիայում ընդունվել է օրենք, որը պարտադրում է բոլոր ընկերություններին և համայնքներին յուրաքանչյուր տարի չափել 40-74 տարեկան իրենց աշխատակիցների գոտկատեղը։ Առավելագույն թույլատրելի չափն է 85 սմ-ը՝ տղամարդկանց համար, և 90 սմ-ը՝ կանանց համար։ Բոլոր նրանք, որոնք կխախտեն այդ սահմանները, ստիպված կլինեն նիհարել։

Երթևկելու ընթացքում SMS-հաղորդագրություն գրելու արգելք (ԱՄՆ)
2012-ին ամերիկյան Ֆորտ Լի քաղաքում (Նյու Ջերսի) իշխանություններն արգելել են SMS-հաղորդագրություն գրել երթևեկելու ընթացքում։ Արգելքը սահմանվել է ճանապարհներին անվտանգության նկատառումներից ելնելով։