Մոսկվայում և Գրոզնիում այս շաբաթ սկսվում են «Փիրուզ» քրեական թրիլլերի նկարահանման աշխատանքները։ Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Ժերար Դեպարդյոն և բրիտանացի մոդել և դերասանուհի Էլիզաբեթ Հըրլին, գրում է tert.am-ը` հղում տալով filmpro.ru-ին։

«Ռուսական» նախագծին Դեպարդյոյի մասնակցության մասին առաջինը հայտնել է Հըրլին. մայիսի 11-ին նա գրել է Twitter-ում՝ «Խելահեղ շաբաթ։ Սկսում եմ պատրաստվել նոր ֆիլմին, որը մենք հաջորդ շաբաթվանից սկսում ենք նկարահանել Ռուսաստանում, Դեպարդյոյի հետ»։

Ֆիլմի ռեժիսորն է Ֆիլիպ Մարտինեզը, ով հայտնի է Ժան Կլոդ Վան Դամի մասնակցությամբ «Մահվան արթնացումը» ֆիլմով։

Նոր ֆիլմում գլխավոր հերոսը գանգստեր Վիկտոր Լամբերն է, ով նախկինում արվեստի գործեր է գողացել։ Նա հաճախ է եղել Ռուսաստանում և միշտ հիշել է այս երկիրն ու իր գեղեցիկ հանցակից Ալեքսանդրա Իվանովային։ Ֆրանսիայում բանտից դուրս գալուց հետո, նա կրկին մեկնում է Մոսկվա՝ ադամանդների մաքսանենգներից որդու մահվան վրեժը լուծելու համար, և այդ հարցում նրան կօգնի Ալեքսանդրան։