Անձնական տվյալներ
Անուն, ազգանուն' Սարո Թովմասյան
Ծննդյան օր, ամիս, տարի' 30.08.84թ.
Աստղակերպը' Կույս
Ապրում է' միայնակ
Քույր, եղբայր' մեկ քույր
Սեփականությունները' չունի
Ընդհանրապես հեռուստադիտողը հայտնի մարդու գործունեությանը ծանոթանում է տեսահոլովակների ու համերգների միջոցով: Իսկ երբ տվյալ հայտնին որոշ ժամանակ որևէ նորությամբ հանդես չի գալիս, աստիճանաբար մոռացվում է: Տևական ժամանակ նորություններ չունեցող երգիչ Սարոն վերջերս ներկայացավ նոր տեսահոլովակով և հիշեցրեց, որ նա դեռ շոու-բիզնեսում է: Ամանորի նախօրեին մեր խմբագրությունում հյուրընկալված երգիչը ակնհայտ լարված էր. զրույցի ողջ ընթացքում Սարոն մատներով խաղում էր շրթունքների հետ:

-Կրկին բարի գալուստ շոու-բիզնես: Բավական երկար դադարից հետո դժվար չէ՞ր նորից ասպարեզ մուտք գործելը:
-Ոչ մի դադար էլ չի եղել, ես այդ ընթացքում աշխատել եմ և շոու-բիզնես նոր չեմ մուտք գործում: Ուղղակի տեսահոլովակն է նոր թողարկվել, իսկ այդ ընթացքում ձայնագրություններ են արվել առաջին ձայնասկավառակիս համար, որը մինչև գարնան վերջ, կարծում եմ, լույս կտեսնի: Անվանումը դեռ որոշված չէ, բայց այնտեղ տեղ կգտնեն բոլորովին նոր ու ոճային առումով էլ տարբերվող երգեր' չնայած հանդիսատեսը ինձ միշտ տխուր երգերով է ճանաչել: Ձայնասկավառակում կլինեն նաև մի քանի երգեր անգլերենով:

-Քեզ սպասո՞ւմ էին այս ասպարեզում:
-Իմ կարծիքով' այո, որովհետև շատ-շատ մարդիկ հարցնում ու հետաքրքրվում էին' ինչ նորություններ կան, ես էլ պատասխանում էի, որ աշխատանքներ են տարվում, պարզապես դեռ նոր տեսահոլովակ չկա: Ամեն ինչ ժամանակի խնդիր էր:

-Քեզ հետ կատարված հայտնի դեպքը (տես' #3(46) 2010թ., #5(48) 2010թ.) ի՞նչ ազդեցություն թողեց քեզ վրա. ընկճվա՞ծ էիր:
-Դեպք չեմ հիշում ու չեմ էլ ուզում խոսել այդ մասին: Ես այն ջնջել եմ իմ հիշողությունից և ոչ մի հետք այն ինձ վրա չի թողել: Պարզապես չեմ ուզում հիշել վատ բաների մասին:

-Իսկ կարիերայի՞դ:
-Արդեն ասացի, որ այդ ամբողջ ընթացքում աշխատել եմ:

-Նոր տեսահոլովակ ունես, որը հիթ-շքերթների առաջին հորիզոնականներում է. փաստորեն, քեզ չէ՞ին մոռացել:
-Դա ես չպետք է ասեմ: Ունեցել եմ երգեր, ու չի եղել, որ ինչ-որ մեկին խնդրեմ' իմ տեսահոլովակները բարձր հորիզոնականներում դնեն. հեռուստաընկերություններին տվել եմ տեսահոլովակը, բայց լավ արդյունք ստանալու համար ինչ-որ քայլերի չեմ գնացել. չեմ կարծում, որ ինձ չէին հիշում: Շուտով երկրորդ տեսահոլովակս կնկարահանվի: Այն դանդաղ (լիրիկ) երգ է, կոչվում է «Եթե ինձ լքես»: Երաժշտության հեղինակը Արսեն Գրիգորյանն է, խոսքերինը' Սրբուհի Ստամբոլցյանը:

-Նախկինում պրոդյուսեր ունեիր' Արմեն Մովսիսյանը. այժմ կա՞ մեկը, ով զբաղվում է քո գործերով:
-Այժմ աշխատում եմ գործիքավորողներ Արթուրի ու Բինայի հետ. Արթուրը նաև զբաղվում է իմ պրոդյուսինգով:

-Ո՞ւմ որոշումն էր դադարեցնել համագործակցությունը' Արմենի՞, թե՞ քո:
-Արմենի հետ չի դադարել համագործակցությունը, ուղղակի մոտ մեկ տարի Հայաստանում չէի. Մոսկվայում և Օդեսայում էի: Այդ ընթացքում Արմենի հետ պարզապես նյութ չենք ունեցել ներկայացնելու: Հիմա իրար հետ չենք աշխատում, բայց Արմենը իմ լավ ընկերն է:

-Որևէ ակումբում կամ ռեստորանում աշխատո՞ւմ ես կամ այդպիսի առաջարկներ եղե՞լ են այս ընթացքում:
- Ոչ, չեմ աշխատել: Հրավերներ կան, բայց չեմ ընդունում' չնայած նորմալ եմ համարում ակումբում կամ ռեստորանում աշխատելը:

-Այդ դեպքում ինչպե՞ս եք ներկայացնում ձեր գործունեությունը, բացի տեսահոլովակներից:
-Ես հիմնականում բարեգործական համերգների եմ մասնակցում, քանի որ շատ շփվող մարդ եմ, ընկերական շրջապատս էլ մեծ է: Հարսանիքներին էլ մեծ մասամբ իմ երգը ներկայացնում եմ որպես նվեր:

-Քո երգացանկից հիմնականում ո՞ր երգն է առավել պահանջված:
-Բավականին ժամանակ է անցել, որ «Ուրիշ աչքեր, ուրիշ հոգի» երգն ունեմ, սակայն առավել շատ դա են սիրում լսել. Ունեմ նաև պարային տարբեր երգեր:

-Սոցիալական ցանցերից մեկում մի աղջկա' Տաթևիկ Կարապետյանի հետ ինչ-որ հարաբերությունների մեջ ես: Արդեն ընտրյա՞լ էլ ունես:
- Չեմ ուզում խոսել այդ մասին: Ո´չ հերքում, ո´չ էլ հաստատում եմ պարզապես, կարող եմ ասել, որ շփվում ենք: Նա Երևանից է, մասնագիտությամբ իրավաբան:

-Ծրագրե՞լ ես' որտե՞ղ և ում հետ ես անցկացնելու Ամանորը:
- Անցած տարի Հայաստանում չեմ դիմավորել, բայց այս տարի որոշել եմ ընտանիքիս հետ անցկացնել այն: Էջմիածնից եմ, ծնողներս էլ այնտեղ են ապրում. կարծում եմ Ամանորին կմիանան ինձ, և այստեղ միասին կնշենք Նոր տարին:

-Կա՞ հատուկ որևէ բան, որ Ամանորին պարտադիր անում ես:
-Ոչ, կոնկրետ բան չկա: Ընդհանրապես Ամանորին խառն եմ լինում, երգում եմ ինչ-որ տեղերում, այնուհետև տանն եմ նշում: Ամանորի գիշերը, երբ 12-ը խփում է, անպայման տանը' ընտանիքիս հետ պետք է լինեմ. դա պարտադիր է: