Burger King-ի՝ ԱՄՆ տարածքում գտնվող բոլոր ռեստորաններում վաճառքի կհանվի բուրգեր՝ նախատեսված բուսակերների համար։ Ինչպես հաղորդում է The Verge-ը, արագ սննդի կետերի ցանցը այս տարվա ապրիլի սկզբին փորձնական կերպով սկսել է վաճառել բուսակերների համար նախատեսված բուրգերներ՝ Սենթ-Լուիս քաղաքում գտնվող իր 59 ռեստորաններում։ Արդյունքները առավել քան գոհացնող են։ Այժմ էլ ռեստորանային ցանցը որոշել է փորձը շարունակել մյուս շրջաններում եւ նոր բուրգերների վաճառքն իրականացնել նաեւ ԱՄՆ մյուս շրջաններում։

Նոր բուրգերի բաղադրությունը Burger King-ը մշակել է Impossible Foods ստարտափի հետ համատեղ, որի ներդրողներից մեկը հանդիսանում է մոլորակի ամենահարուստ մարդկանցից Բիլ Գեյթսը։ Բուսակերների համար նախատեսված բուրգերում որպես հումք է օգտագործվում ոլոռը, ցորենը, սոյան, կարտոֆիլը եւ բուսական յուղը, որպեսզի ստեղծվի իսկական մսի տեքստուրա եւ համի իմիտացիա։ Նոր համբուրգերները 15 տոկոսով ավելի քիչ ճարպոտ են եւ 90 տոկոսով ավելի քիչ խոլեստերին են պարունակում։