Ո՞ւմ կանխազգացումն է ավելի ուժեղ. Տղամարդու, թե՞ կնոջ։ Այս դժվարին հարցին պատասխանել NEWS.am STYLE –ին կօգնի հոգեբան Մամիկոն Թոսունյանը։

Կանխազգացման հետ կապված հարցերը շատերին են հետաքրքրում։ Կնոջ եւ տղամարդու միջեւ միշտ հարց է ծագում, թե ո՞վ է ավելի ուժեղ, կարեւոր ու խելացի։ Իսկ ի՞նչ կասեք կանխազգացման մասին։ Ո՞ւմ մոտ է այն ավելի զարգացած։ Ո՞ւմ լսել։ Այս եւ շատ այլ հարցերին պատասխանեց հոգեբան Մամիկոն Թոսունյանը։«Կանխազգացումը տրամաբանական վերլուծության վրա հիմնված ուղղակի ճանաչում է։ Ինչ-որ զգայական ու ներքին որոշում։ Ընդունված է համարել, որ կանանց մոտ այն ավելի զարգացած է։ Սակայն միշտ չէ այդպես։ Պարզապես տղամարդիկ ձգտում են որոշումներ ընդունել՝ ելնելով փաստերից, իսկ կանայք հիմնվում են «ներքին ձայնի» վրա։ Սա էլ հենց կնոջ ուժեղ կողմն է։ Քանի որ դա է նրանց օգնում զարգացնել ինտուիցիան։ Չի կարելի մոռանալ նաեւ մասնագիտության մասին. այն նույնպես օգնում է զարգացնել ինտուիցիան։ Շատ հաճախ որոշում ընդունելու համար երկար մտածելու ժամանակ չենք ունենում։ Ի՞նչ ենք անում։ Վստահում ենք կանխազգացմանը եւ որոշում ընդունում ենք դրանից ելնելով», – նշում է հոգեբանը։

Հարցին, կարելի է արդյո՞ք կանխազգացումը բնավորության գիծ համարել, նա պատասխանեց. «Հայտնի հոգեբան Յունգն ինտուիցիան սահմանել է որպես անձի կարեւոր գործառնույթներից մեկը։ Հենց այդ գործառնույթն է հնարավորություն տալիս հասկանալու, թե ինչպե՞ս է քեզ վերաբերվում շրջապատն ու որքա՞ն ճիշտ որոշում կարող է մարդն ընդունել։ Եւ դա այդպես է։ Քանի որ կանխազգացումը շատ հարցերում բնութագրում է մարդու անձնավորությունը»։