Ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրը շուտով կնշի իր 91-րդ տարեդարձը, սակայն նա թոշակի անցնելու մտադրություն չունի: Հենց այսպես է ֆրանսիական մամուլն անդրադառնում լեգենդի նոր՝ «Encores» ձայնասկավառակին: Նոր ալբոմի վերաբերյալ հրապարակումները բազմաթիվ են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ tf1.fr-ն գրում է, որ «La boheme»-ի երգիչը նոր ալբոմ է թողարկել և հանդե ս է գալիս բեմում: Կայքը նաև հավելել է, որ սա Ազնավուրի 51-րդ ալբոմն է:

 

la-croix.com-ն էլ նշում է, որ Ազնավուրը զուգերգ է ձայնագրել բրիտանացի Բենջամին Քլեմենտինի հետ, որը կոչվում է «You've got to learn»: Այն ևս զետեղվել է «Encores» ալբոմում: Կայքը նաև հավելել է, որ Ազնավուրը նախատեսել է մի շարք համերգներով սեպտեմբերին հանդես գալ Փարիզում:

 

parismatch.com-ն էլ ընդգծել է, որ 90 տարեկանում Ազնավուրը հիասքանչ և ոգեշնչող ալբոմ է ներկայացրել:

 

Ամենահայտնի հայի ալբոմը մայիսի 4-ից հասանելի է հանրությանը: 12 երգ ներառող նոր ձայնասկավառակում ամփոփվում է Ազնավուրի հավերժական երիտասարդությունը, ուժեղ բնավորությունը՝ խառնված ուրախությամբ, պարզությամբ և անմեղությամբ:

 

Ազնավուրի նոր ալբոմի երգերն են՝

1. Avec un brin de nostalgie
2. Ma vie sans toi
3. Les petits pains au chocolat
4. T'aimer
5. Des ténèbres à la lumière
6. Et moi je reste là
7. Mon amour je te porte en moi
8. Chez Fanny
9. Sonnez les cloches
10. La maison rose
11. De la môme à Edith
12. You've got to learn (զուգերգ Բենջամին Քլեմենտինի հետ)

 

Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը: Լեգենդար երգիչը նախորդ տարի տոնեց իր ծննդյան 90-րդ հոբելյանը, համերգներ ունեցավ աշխարհի մի շա րք երկրներում, այդ թվում' ելույթ ունեցավ նաև Հայաստանում: