Արամ Խաչատրյանի անվան 2-րդ միջազգային փառատոնի շրջանակում նոյեմբերի 19-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կանցկացվի ՀՀ ժողովրդական արտիստ, դիրիժոր Յուրի Դավթյանի 85-ամյա հոբելյանին նվիրված համերգ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՊԵՆ մամուլի ծառայությունից , Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նվագակցությամբ ելույթ կունենան նվագախմբի մենակատարները։ 


Ծրագրում կհնչեն Դմիտրի Շոստակովիչի թավջութակի թիվ 1 կոնցերտը՝ մենակատար՝ Լևոն Առաքելյան (թավջութակ/Հայաստան), Կամիլ Սեն-Սանսի դաշնամուրի  թիվ 2 կոնցերտը՝ մենակատար՝ Լիլիթ Զաքարյան (դաշնամուր/Հայաստան/Ռուսաստան), Կլոդ Դեբյուսիի  «Ծովը» ստեղծագործությունը։ Որպես դիրիժոր հանդես կգա ՀՊԵՆ գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը:


Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի 2014-2015 թթ. համերգաշրջանի սկիզբն ազդարարվեց Արամ Խաչատրյանի անվան միջազգային 2-րդ փառատոնի մեկնարկով: Այն այս տարի ևս իր շուրջն է համախմբում բազմաթիվ անվանի և տաղանադավոր մենակատարների: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նախաձեռնությամբ անցկացվող փառատոնը տեղի կունենա սեպտեմբերի 16-ից դեկտեմբերի 4-ը: Այն կներառի 16 համերգային երեկո: