Ժամանակակից կոսմետիկական ընկերությունները ձևավորում են կնոջ գեղեցկության ստանդարտները։ Եթե երիտասարդ տարիքում բավական հեշտ է համապատասխանել սնդուսափայլ շապիկների խնամված դեմքերին, ապա 40-50 տարեկանում դա իսկական պրոբլեմ է դառնում։ Կանանց մեծ մասի գլխում մշտարթուն է երիտասարդ երևելու միտքը։ Հետազոտության արդյունքներով, 35 տարեկանից բարձր կանանց մինչև 60%-ը համարում է, որ իր տարիքից մեծ է երևում, գրում է The Hindustan Times-ը։

 

Կանանց 20%-ն ամեն օր անհանգստանում է իր արտաքին տեսքի համար։ Յուրաքանչյուր տասներորդը խոստովանում է, որ այդ մասին օրական մտածում է երկու անգամ։ 24 տարեկանից բարձր իգական սեռի յուրաքանչյուր հինգերորդ ներկայացուցիչը համարում է, որ ավելի մեծ է երևում, սակայն 55 տարեկանում այդ թիվը 20%-ից իջնում է 7%-ի։

 

Դեպքերի մեծ մասում մեղավոր է ոչ թե ծերությունը, այլ շրջապատի ճնշումը և զանգվածային լրատվամիջոցները։ Շրջապատված լինելով էկրանի գեղեցիկ մարդկանցով՝ մենք փորձում ենք նրանց դիմակը հագնել՝ մոռանալով մի պարզ ճշմարտություն, որ ծերանալը աղետ չէ։