Հայաստանի և Ռուսաստանի մշակույթի նախարարությունների աջակցությամբ Հայաստանում Ռուսաստանի մշակույթի օրերի շրջանակում հոկտեմբերի 21–ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Սանկտ Պետերբուրգի հանրահայտ «Մաստերսկայա» թատրոնի արտիստները կներկայացնեն «Բրեմենյան երաժիշտները» արկածային-երաժշտական ներկայացումը (գեղարվեստական ղեկավար, պետական մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Գրիգորի Կոզլով):


Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, «Մաստերսկայա» թատրոնն ամենահաջողված  օրինակներից է, որն ստեղծվել է ուսանողների կողմից, ովքեր չեն ցանկացել բաժանվել իրենց վարպետ Գրիգորի Կոզլովից:

 

Ընդամենը չորս տարվա ընթացքում թատրոնը հասցրել է  մասնակցել ռուսական և միջազգային տասնյակ պատվավոր փառատոնների  և  հավաքել մրցանակների, պարգևների մեծ փունջ: Թատերախմբի բոլոր դերասանները նույն սերնդի ներկայացուցիչներ են և, ամենակարևորը, մեկ դերասանական դպրոց են ներկայացնում: Դեռևս Սանկտ Պետերբուրգի թատերական ակադեմիայ ում սովորելու տարիներին նրանք համարձակորեն ներկայացան վառ, տաղանդավոր բեմադրություններով, որոնցից յուրաքանչյուրը քննադատների ուշադրությունը գրավող և հանդիսատեսի հիացական ընդունելությունը վայելող  նշանակալի իրադարձություն էր:

 

«Մաստերսկայա» թատրոնի «Բրեմենյան երաժիշտները» երաժշտական-արկածային ներկայացումը նախատեսված է երեխաների և մեծահասակների համար՝ որպես հիմք ունենալով Գրիմ եղբայրների հեքիաթի մոտիվները: Ներկայացումը սիրո, բարեկամության և արվեստի մասին է:  Այս գեղեցիկ պատմությունն իր երաժշտական և պարային ուշագրավ տեսարաններով արժանանում է երեխաների և մեծահասակների բարձր գնահատականին: Ներկայացման ընթացքում հանդիսատեսը ոչ միայն դիտում է տեղի ունեցող գործողությունները, այլև հնարավորություն ունի անմիջական մասնակիցը դառնալու բեմական զա րգացումներին, օգնելու Արքայադստերը և երաժիշտներին:

 

Բրեմենյան երաժիշտները հայաստանյան բեմում կներկայանան միայն մեկ օր՝ երկու ներկայացմամբ: