2015 թվականին ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի «օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգում տեղ գրավելու իրավունքի համար կպայքարեն 83 երկրների ներկայացուցիչներ, ինչը ռեկորդային ցուցանիշ է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 10-ին հաղորդել է "Variety" կայքը:

 

Նախորդ ռեկորդը սահմանվել է մեկ տարի առաջ, երբ նշված անվանակարգի հավակնորդների ցուցակում տեղ էին գտել 76 պետությունների ֆիլմեր:

 

Երեք երկրներ «Օսկար»-ի համար մրցարշավին կմասնակցեն առաջին անգամ: Դրանց թվում են Կոսովոն, Մալթան և Պանաման:

 

Նաեւ 2015 թվականին այդ անվանակարգում մրցանակային արձանակի վրա առաջին անգամ կփորագրվի հաղթած կինոնկարի ռեժիսորի անունը: Մինչ այդ այն զարդարում էին միայն երկրի անվանումով:

 

83 անվանակարգորդներից հինգը կհայտարարվեն հաջորդ տարվա հունվարի 15-ին: Դրանից մեկ շաբաթ առաջ կինոակադեմիան կհրապարակի անվանակարգի հավակնորդների կարճ ցուցակը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: