Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունն ակտիվ գործունեություն է ծավալում. կազմակերպում է տարատեսակ միջոցառումներ, հրատարակում գրքեր, թողարկում ձայնասկավառակներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ ռեժիսոր Ռուբեն Գևորգյանցն ընդգծեց, որ այժմ միությունում պատրաստվում են «Ես եմ» միջազգային կինոփառատոնին:


«Փառատոնն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 1-5-ը՝ Ծաղկաձորում: Որոշեցինք այն այս անգամ կազմակերպել ոչ թե Երևանում, այլ Երևանից դուրս: Ամեն օր կլինեն կինոդիտումներ, որոնց կհաջորդեն քննարկումները: Մենք այս տարի ստացել ենք 121 ֆիլմ, հանձնաժողովն էլ ընտրել է 80-ը: Ցավալի է, որ տարբեր երկրներից տասնյակ ֆիլմեր են եկել, սակայն Հայաստանն ընդամենը 7 ֆիլմով է ներկայանում, այն էլ այն դեպքում,  երբ մեր մրցանակները բոլորը գումարային են»,-նշեց Ռուբեն Գևորգյանցը:


Նրա խոսքով՝ այս տարի փառատոնի կազմակերպչական աշխատանքներում ակտիվ ներգրավված են երիտասարդները: «Հյուրեր կունենանք Ղազախստանից, Վրաստանից, Գերմանիայից և այլ երկրներից: Մեր հյուրերին ցույց կտանք Հայաստանի գեղատեսիլ վայրերը»,-նշեց Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահը:

 

Գևորգյանցը գոհ է միության կատարած աշխատանքներից: Փաստում է, որ միությունը բարգավաճ վիճակում է: «Մենք ինքներս ենք ստեղծել այդ լավ վիճակը: Միության անդամը տարին չորս անգամ մեծ օգնություն է ստանում՝ սննդի և գումարի տեսքով: Միության անդամ թոշակառուները, բացի իրենց թոշակից, գումար են ստանում միությունից, որը հավասար է պետության թոշակին: Մեր բոլոր անդամներն ունեն բժշկական ապահովագրություն, դեղորայքը գնում են մեր հաշվին, հանգիստն  էլ ենք մենք ապահովում»,-նշում է ռեժիսորը:

 

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահն ընդգծում է, որ միությունն ակտիվ գործունեություն է ծավալում: «Մենք մեկ միլիոն դոլարով պետությանն ենք վաճառել Դիլիջանի մեր ստեղծագործական տունը: Այդ գումարը բանկում է, և միության բոլոր անդամներն ապահովված են: Կազմակերպում ենք միջոցառումներ, հրատարակում գրքեր»,- փաստեց Գևորգյանցը:

 

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը միավորում է կինոյի բոլոր ստեղծագործական մասնագիտությունների գործիչներին:Միությունը մշտապես կազմակերպում է տարատեսակ միջոցառումներ


Տարբեր տարիներին միությունը ղեկավարել են անվանի կինոգործիչներ: 2003թ. Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ է ընտրվել կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանցը: