Նարեկացի արվեստի միությունը պատրաստվում է շնորհավորել խոշորագույն հայ կոմպոզիտորներից մեկի՝ Տիգրան Մանսուրյանի 75-ամյակը: «Արմենպրես»- ի փոխանցմամբ՝ միությունը ցանկանում է անդրադառնալ Մանսուրյան արվեստագետի կերպարի բազմաշերտությանն ու հարստությանը: Այդ առթիվ սեպտեմբերի 16-19-ը Նարեկացի արվեստի միությունը կանցկացնի մանսուրյանական օրեր, որոնց շրջանակում սեպտեմբերի 16-18-ը կկազմակերպվեն դասախոսություններ հետևյալ թեմաներով՝ «Մանսուրյանը և ավանգարդը» (կներկայացնեն Տ. Մանսուրյանը և Ա. Զոհրաբյանը), «Մանսուրյանը և 80-ականները» (կներկայացնի Ա. Ավանեսովը) և «Մանսուրյանը և հայ արվեստը» (կներկայացնի Մ. Նավոյանը):

 

Մանսուրյանական օրերը կամփոփվեն սեպտեմբերի 19-ին Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայանալիք գալա համերգով, որի ժամանակ հանրությանը կներկայացվի Նարեկացի արվեստի միության թողարկած՝ Տիգրան Մանսուրյանի խմբերգերի ձայնասկավառակը:

 

Տիգրան Մանսուրյանը ծնվել է 1939 թվականի հունվարի 27-ին, Բեյրութում: Հայրենադարձության ճանապարհները նրան բերել են Հայաստան՝ Արթիկի շրջան, ուր բնակություն է հաստատել իրենց ընտանիքը: Մանսուրյանի կամերային և գործիքային ստեղծագործությունները բազմիցս հնչել են Հայաստանում, Խորհրդային Միության մշակութային կենտրոններում ու արտասահմանում, բարձր գնահատվել իրենց գեղարվեստական անկրկնելիության, միանգամայն նոր ազգային ոլորտների բացահայտման շնորհիվ: Նորագույն միջոցներին հմտորեն տիրապետող ու դրանք լայնորեն կիրառող Մանսուրյանն առաջինն էր, ով կոմպոզիցիոն ժամանակակից հնարքներ ներմուծեց Հայաստան: Կոմպոզիտորի ստեղծագործությունները մեծ հաջողությամբ են ընդունվում Լոնդոնում, Փարիզում, Հռոմում, Միլանում, Վիեննայում, Մոսկվայում, Վարշավայում, Նյու-Յորքում, Լոս Անջելեսում և համաշխարհային երաժշտական այլ մայրաքաղաքներում։

 

Մանսուրյանի ստեղծագործությունները հայկական հոգևոր և ժողովրդական երաժշտարվեստի ավանդույթների հետաքրքիր միահյուսություն են՝ արտահայտիչ մեղեդիներով և բարձրաճաշակ հնչերանգներով: Կոմպոզիտորը գրել է նաև երաժշտություն ֆիլմերի ու ներկայացումների համար: