Apple կորպորացիան ավարտել է շնորհանդեսը, որի ընթացքում ներկայացվել են iPhone-ի նոր մոդելները, Apple Watch ձեռքի «խելացի» ժամացույցը՝ համակարգչի գործառույթով, iOS 8 նորացված գործառնական համակարգը և սեփական վճարային համակարգը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: 

 

"Apple"-ի շնորհանդեսը կայացել է Կուպերտինոյի «Ֆլինթ-կենտրոնում», որտեղ մի ժամանակ ցուցադրվել էր Macintosh առաջին համակարգիչը: Միջոցառումը բացել է կորպորացիայի ղեկավար Թիմ Կուկը, որը ներկայացրել է iPhone-ի միանգամից երկու նոր տարբերակ՝ "iPhone 6"-ը և "iPhone 6 Plus"-ը:

 

Ընկերությունը հրաժարվել է բյուջետային մոդելների թողարկման գաղափարից և կենտրոնացել Samsung-ի հետ մրցակցության վրա, որը թողարկում է լայն էկրաններով սմարթֆոններ: Apple-ի նոր սմարթֆոնները միմյանցից տարբերվում են գլխավորապես չափով: Մոդելներն ունեն 4,7 և 5,5 դյույմ անկյունագծով էկրան, ինչն ավելի մեծ է iPhone 5S սմարթֆոնի անկյունագծից (4 դյույմ), հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: