«Կյանքից առավել» հեռուստասերիալին ESem.am-ն արդեն անդրադարձել է: 88 մասանոց սերիալում խաղում է նաև երգիչ Նարեկ Մակարյանը, ում հետ ESem.am-ը խոսել է դերասանական առաջին քայլերի մասին:)
Երգչի խոսքով՝ իր տեսահոլովակներում միշտ եղել է սյուժետային գիծ և դերասանական խաղով ներկայանալու անհրաժեշտություն, այնպես որ, անցումը կտրուկ չէ և սիրով ընդունել է սերիալում խաղալու առաջարկը:
Նարեկը մարմնավորում է Միքայելին, ով հայտնվում է 10-15-րդ սերիաներում, այդ իսկ պատճառով երգիչը չցանկացավ բացահայտումներ անել կերպարի մասին: Ամեն դեպքում նա նշեց, որ Միքայելը լավ մարդ է, և կերպարը շատ հոգեհարազատ է իրեն: «Ես պրոֆեսիոնալ դերասան չեմ, չնայած Կոնսերվատորիայում անցել եմ դերասանի վարպետություն առարկան:
Կարծում եմ՝ պրոֆեսիոնալի համար պարտադիր չէ, որ դերը լինի իրեն հոգեհարազատ: Նա պետք է կարողանա կերտել ցանկացած կերպար,- ESem.am-ին ասաց Նարեկը և հավելեց, որ նկարահանման հրապարակում դժվարություններ դեռ չեն եղել,- անգամ եղել են տեսարաններ, որոնք նկարահանել ենք 1 դուբլից»:
Նարեկի փոխանցմամբ՝ գեղարվեստական ֆիլմում խաղալու առաջարկ էլ ունի: «Բավականին ակտիվ և դինամիկ ֆիլմ է: Այդպիսին է նաև իմ հերոսը, ով մոտոցիկլիստ է: Այժմ մոտոցիկլ վարել եմ սովորում, ճիշտ է, շատ եմ ընկնում, բայց հանուն ֆիլմի աշխատում եմ լավ վարել:),- ասաց երգիչը, ովչի վախենում քննադատություններից: -Կարծում եմ՝ ցանկացած գործ եթե լավ է արվում` չի կարող արժանանալ վատ խոսքերի, իսկ առողջ քննադատությունը միայն կօգնի հետագայի համար»:
Նարեկի խոսքով՝ թատրոնում ևս սիրով կխաղա: «Ես աշխատասեր եմ, իմ կարծիքով, եթե մի մարդ հասել է ինչ-որ բանի, մյուսը ևս կարող է դրան հասնել, պարզապես պետք է շատ աշխատասեր լինել»,- նկատեց Նարեկը, սակայն ավելացրեց, որ իր համար առաջնայինը միշտ կլինի երգչի կարիերան, իսկ դերասանի աշխատանքը նրա համար երկրոդ պլանում է: Շուտով նա կներկայացնի 2 նոր երգ, որոնցից մեկի երաժշտության հեղինակն ինքն է, մյուսինը` Ռիչարդ Մադլենյանը:
Ներկայացրեց Տաթևիկ Մկրտչյանը