ESem.am-ն իր ընթերցողներին պատմել էր, որ Դիանա Գրիգորյանի սցենարով սերիալ է նկարահանվում ԱՄՆ-ում: «Կտակով թագուհին» արդեն հեռարձակվել է թե՛ Հայաստանում, թե՛ ԱՄՆ-ում՝ տեղի հայկական հեռուստաընկերությամբ: Նախագծի պրոդյուսեր Արա Ղազարյանի փոխանցմամբ՝ այն մեծ հաջողություն է ունեցել և առաջիկայում կնկարահանվի հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանը:

 

 

Արան նշեց, որ ԱՄՆ-ում հիմնականում նկարահանվում են բազմասերիանոց ֆիլմեր՝ բաղկացած 12-22 մասից և հաջողության դեպքում ունենում են մի քանի եթերաշրջան: ««Կտակով թագուհին» երկրորդ տեղում էր՝ «Հարազատ թշնամիից» հետո, թեև կարծում եմ, որ կարող էր լինել նաև առաջին տեղում, ուղղակի ամառ էր, այն ցուցադրվում էր 21:30-ին, երբ մարդիկ հիմնականում դրսում են:

 

Ամեն դեպքում ես շատ գոհ եմ արդյունքից. ճիշտն ասած` չէի սպասում, որ երկրորդ տեղում կլինի, որովհետև գոնե 3 շաբաթ է պետք, որպեսզի  մարդիկ սիրեն արտադրանքը ու հետևեն, իսկ «Կտակով թագուհին» առաջին օրվանից շատ բարձր ռեյթինգ է ունեցել»,- ասաց պրոդյուսերն ու հավելեց, որ հաջողության գրավականը լավ սցենարի և դերասանական լավ կազմի առկայությունն է:

 

 

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում հեռուստանովելն առաջատար է եղել: «Այստեղի համար, բնականաբար, իմ բոլոր սերիալները շատ ավելի հետաքրքիր են եղել, որովհետև այստեղի մասին են: Նույն «Մեղավորները» Հայաստանում ռեյթինգով 2-րդ, 3-րդ տեղում էր, «Դժվար ապրուստը» հաղթում էր, սակայն այստեղի ռեյթինգներով այն 2 անգամ հաղթում էր «Դժվար ապրուստին»: «Անմեղ մեղավորները» ֆիլմն այստեղ 13,000 տոմս է վաճառել: Նման բան չի եղել, նույնիսկ, «Գարեգին Նժդեհը» այստեղ ընդամենը 2 անգամ ցուցադրվեց: Այսինքն՝ այստեղի մարդկանց ավելի հետաքրքիր է այստեղի արտադրանքը, որովհետև իրենց կենցաղի մասին է»,- նշեց Արան:

 

 

Պրոդյուսերի փոխանցմամբ՝ սեպտեմբերից կսկսեն «Կտակով թագուհու» նոր եթերաշրջանի նախապատրաստական աշխատանքները, իսկ հոկտեմբերին կլինեն նկարահանումները: «Ամենայն հավանականությամբ՝ այն եթեր կհեռարձակենք հոկտեմբերի  վերջին»,- ասաց  նա ու հավելեց, որ երկրորդ եթերաշրջանում դերասանական կազմը նույնը կմնա: «Հնարավոր է՝ ինչ-որ մեկը գնա երկրորդ պլան, ինչ-որ մեկը գա առաջին պլան:

 

Դա կքննարկենք Դիանայի հետ: Ցանկանում եմ, որ այս եթերաշրջանում դերասանական կազմը համալրվի: Կան շատ լավ դերասաններ, ովքեր եղել են իմ նախորդ սերիալներում, մարդիկ, ում ես 0-ից բերել եմ ոլորտ, ու նրանք դարձել են շատ հետաքրքիր դեմքեր: Այդ մարդիկ ափսոս են, որ մնան կադրից դուրս: Ինչպես ասում են՝ մենք պատասխանատու ենք նրանց համար, ում հետ աշխատել ենք (Էքզյուպերին ասում է՝ ում ընտելացրել ենք, հեղ.): Կարծում եմ՝ երկրորդ եթերաշրջանը շատ ավելի ուժեղ է լինելու»,- վստահություն հայտնեց պրոդդյունսերը:

 

Արան տեղեկացրեց նաև, որ այս անգամ կարողացել են լեզու գտնել «պիրատների» հետ ու սերիալը միայն մեկ կայքով տարածել, արդյունքում` յուրաքանչյուր սերիան ունեցել է մոտ 150,000 դիտում, ինչը շատ բարձր ցուցանիշ է:

 

 

 


Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը