ESem.am-ն իր ընթերցողներին պատմել է «Մանկական նոր ալիք 2014»-ի և դրա շուրջ ծավալվող իրադարձությունների մասին: Ինչպես հայտնի է, այս տարի կազմակերպիչները որոշել էին կանոնների փոփոխություն անել և քվեարկելու հնարավորություն տալ նաև ծնողներին, ինչն իրարանցում ու դժգոհության ալիք էր առաջացրել:

 

 

Արդյունքում` «Մանկական նոր ալիքում» հաղթել է Ուկրաինայի ներկայացուցիչ  11-ամյա Անդրեյ Բոյկոն, ով ի սկզբանե արժանացել էր ժյուրիի ամենաբարձր գնահատականին: Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Վարդանյանը 4-րդ տեղում է, թեև առաջին օրը` միայն պրոֆեսիոնալ ժյուրիի գնահատականով 2-րդն էր:

 

«Հանդիսատեսի համակրանք» մրցանակին արժանացել է Ռուսաստանի ներկայացուցիչ Եկատերինա Մանեշինան, ով նաև կիսել է երկրորդ տեղն իր երկրի մյուս ներկայացուցիչ Պալինա Բոգուսևիչի և Իտալիան ներկայացնող զույգ քույրիկներ Մարինայի և Կյարայի հետ: Երրորդ տեղը կիսել են Ուկրաինայի ներկայացուցիչ Սոֆյա Վոլոշանենկոն, Ղազախստանի ներկայացուցիչ Մուհամեդալի Ժուգունուսովը և Բելառուսի ներկայացուցիչ Ռուսլան Ասլանովը:

 

 

«Կազմակերպիչները չհայտարարեցին, թե ինչ հարաբերակցությամբ են հաշվել ձայները, սակայն ծնողների ձայնը որոշիչ չէր եղել: Եթե 50/50 հարաբերակցություն լիներ, ինչպես ասել էին նախապես, կհաղթեր Բելառուսի ներկայացուցիչը, իսկ Ուկրաինան կհայտնվեր 3-րդ տեղում: Իրենք էլ հասկացան, որ դա սխալ որոշում էր, ու վերջին օրն այնպես արեցին, որ հաղթի Ուկրաինայի տղա, ով անկասկած  հրաշալի էր»,- ESem.am-ին ասաց Դավթի երաժշտական պրոդյուսեր Գրիգոր Կյոկչյանը:

 

Դավիթը դեռևս չի վերադառնա Հայաստան. նա Ռուսաստանի Տուապսե քաղաքում ելույթ ունենալու հրավեր է ստացել տեղի հայ համայնքի կողմից, իսկ Գրիգորն արդեն Հայաստանում է, քանի որ որոշակի գործեր ուներ այստեղ:


Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը