Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» ստեղծագործությունը նոր ֆիլմի ներշնչանքի աղբյուր է դարձել: Ռուս ռեժիսոր, «Նիկա» մրցանակի դափնեկիր Վիտալի Մանսկին ֆիլմ է նկարահանել մի ժամանակակից հայի մասին, ով ապրում է մերօրյա աշխարհում, որտեղ կարևորված չէ կյանքի իմաստի փնտրտուքը:


Մանսկու նոր՝ «Գիրքը» ֆիլմն առաջին անգամ կցուցադրվի Երևանյան «Ոսկե ծիրան» 11- րդ միջազգային կինոփառատոնի «Երևանյան պրեմիերաներ» ծրագրի շրջանակում: Կազմակերպիչների տեղեկացմամբ, ֆիլմի հայաստանյան պրեմիերային հուլիսի 14-ին կմասնակցի նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:


Ռեժիսոր Վիտալի Մանսկին ֆիլմի պրեմիերային ընդառաջ՝ հուլիսի 14-ին հրավիրված ասուլիսում նշեց, որ «Ոսկե ծիրան»-ի նման մակարդակ ունեցող փառատոններ Ռուսաստանի Դաշնությունում կամ չկան, կամ էլ գրեթե չկան:

 

«Նարեկացին հանճար է, որով հայերը հպարտանում են:Սա հասարակ և միևնույն ժամանակ բարդ ֆիլմ է, և ես անհամբերությամբ սպասում եմ կինոնկարի ցուցադրությանը: Հուսամ, որ մենք կարողացել ենք հասնել մեր առջև դրված նպատակներին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց Վիտալի Մանսկին:

 

Ֆիլմն իրականություն է դարձել Մեսրոպ քահանա Արամյանի նախաձեռնությամբ, ով սցենարի համահեղինակն է: Նա ինքն է կինոնկարը ստեղծելու առաջարկով դիմել Մանսկուն:  «Ֆիլմի ներշնչանքն ի հայտ է գալիս գրքից, բայց գրքի մասին չէ, այն կյանքի իմաստի մասին է, և բարձրացնում է հարցեր, որոնց մասին խորհում ենք: Մեզ համար մարդկային կյանքը նույնպես մի գիրք է:  

 

Մենք բավականին մեծ աշխատանք ենք արել, ֆիլմը նկարահանվել է ամբողջ աշխարհում՝ Ավստրալիայից Արգենտինա, իսկ մենք փորձել ենք ժամանակակից մարդու կյանքը ներկայացնել»,-նշեց Մեսրոպ քահանա Արամյանը:


Ֆիլմն ստեղծողներն աշխատել են կինոնկարի վրա երկու տարի: «Գրքի» գլխավոր հերոսը հայ է: Կինոնկարում հնչում են տարբեր լեզուներով արտահայտություններ՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, իսպաներեն և ֆրանսերեն, առկա են նաև անգլերեն ենթագրեր: Նախատեսվում է այն ցուցադրել աշխարհի տարբեր երկրներում:

 

«Երբ Արտավազդ Փելեշյանը նայեց ֆիլմը, ասաց, որ անունը պետք է դնեինք «Ինչո՞ւ», որովհետև այն մեզ մտածելու տեղիք է տալիս, թե ինչու ենք մենք ապրում»,-փաստեց Մեսրոպ քահանա Արամյանը:

 

Վիտալի Մանսկին ծնվել է 1963-ին Լվովում: Ավարտել է Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտը ( Ս. Մեդինսկու արվեստանոց): Ռուսաստանի ամենաճանաչված վավերագրողներից է: Առաջին ֆիլմը նկարահանել է 1989-ին: Ավելի քան 30 ֆիլմի ռեժիսոր է, ավել քան 200 նախագծի պրոդյուսեր: Նրա ֆիլմերը մասնակցել են բազմաթիվ ՄԿՓ-երի (Կանն, Ամստերդամ, Սան Սեբաստիան, Օբերհաուզեն, Սան Ֆրանցիսկո, Լոկառնո, Մյունխեն, Մոնրեալ, Թուրին, Տամպերե, Կրակով, Յամագատա, Շեֆիլդ, Ռիո Դե Ժանեյրո և այլն), արժանացել 30-ից ավելի մրցանակների և ցուցադրվել Ռուսաստանի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Գերմանիայի, Իտալիայի, Դանիայի, Շվեդիայի, Իսրայելի, Նորվեգիայի, Ավստրալիայի, Շվեյցարիայի և այլ երկրների առաջատար հեռուստաալիքներով:

 

1995-ին պրոդյուսեր Նատալյա Մանսկայայի հետ հավաքել է սիրողական անձնական յուրօրինակ տարեգրությունների արխիվ: 1996-ից  հեռուստատեսությամբ  վավերագրական կինո է ներկայացնում: Ռուսական 1-ին հեռուստաալիքի «Իրական կինո» ծրագրի մտահղացողն է և հեղինակը: Նույն 1996-ին  դարձել REN  TV նոր հեռուստաալիքի կինոբաժնի ղեկավարը, իսկ հետո՝ գլխավոր պրոդյուսերը: 1999-2003 թթ. եղել է РТР հանրայ ին  հեռուստաալիքի վավերագրական կինոյի արտադրության և ցուցադրության  բաժնի ղեկավարը: 2000-ից  վավերագրական կինոյի եւ հեռուստատեսության «Դափնու ճյուղ» ազգային մրցանակաբաշխության գլխավոր պրոդյուսերն է, 2006-ից` վավերագրական կինոյի Артдокфест ԿՓ-ի նախագահը:

 

Հազար տարի առաջ Սուրբ Գրիգոր Նարեկացին գրեց աղոթական հայեցողությունների իր «Մատյանը», որը ցայսօր շարունակում է մնալ մարդու հոգևոր աշխարհի խորագույն հայտնություններից մեկը: Մանսկու «Գիրքը» ֆիլմի հերոսը ժամանակակից մարդ է, ով ապրում է մերօրյա աշխարհում, որտեղ կարևորված չէ կյանքի իմաստի փնտրտուքը: