Երեսունվեց պարախումբ աշխարհի 12 երկրից հավաքվել են Հայաստանում՝ մասնակցելու «Իմ Հայաստան» համահայկական երկրորդ փառատոնին: Փառատոնն այս տարի մեկնարկեց «Պարարվեստի օրեր»-ով: Հուլիսի 1-ին Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «Իմ Հայաստան» համահայկական երկրորդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը, որը բաղկացած էր 3 հիմնական մասերից` պատվիրակությունների շքերթ, բուն համերգային ծրագիր, մասնակիցների ընդհանուր շուրջպար: Համերգը ուղեկցվեց Հայաստանի տեսարժան վայրերի էկրանային ցուցադրությամբ և «Իմ Հայաստան» առաջին փառատոնի մասին պատմող կադրերով:

 

Փառատոնի բացման արարողությանը մասնակցեցին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, պաշտոնատար անձինք:

 

ՀՀ վարչապետը, ողջունելով փառատոնի մասնակիցներին, ընդգծեց, որ ուրախ է նրանց՝ որպես հայ մշակույթի կրողներ, տեսնել Հայաստանում: «Ձեր մասնակցությամբ հատուկ շունչ և ջերմություն եք հաղորդելու այս գեղեցիկ միջոցառմանը: Մշակույթը յուրաքանչյուր ազգի ինքնադրսևորման, բարեկամական կապերի ամրապնդման և ազգը ճանաչելի դարձնելու լավագույն միջոցն է: Ես շնորհակալ եմ ձեզ, որ, ապրելով սփյուռքում, մեծ առաքելություն եք իրականացնում, ու, արվեստի շնորհիվ պահպանելով ձեր ազգային նկարագիրը, նաև հարստացնում եք ձեր բնակության երկրի մշակութային խճանկարը: Միայ ն միասնության շնորհիվ ենք ի զորու հաղթահարել համայն հայության առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները: Փառատոնը սոսկ մշակութային միջոցառում չէ: Այն ազգային հոգու վառ դրսևորումն է: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին ողջ հայությունը մեծ ջանքեր է գործադրում պատմական արդարության վերականգնման ուղղությամբ: Դուք բերում եք ձեր ուրույն նպաստն այդ գործընթացին՝ բարձր պահելով հայի անունն ու պատիվը, մասնակցելով ազգային միջոցառումներին»,- «Արմենպրես»- ի փոխանցմամբ՝ նշեց Հովիկ Աբրահամյանը:

 

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդգծեց, որ «Իմ Հայաստան» փառատոնն իրոք համախմբում է Հայրենիքը, Սփյուռքը և Արցախը: «Այն յուրօրինակ հաշվետվություն է, թե աշխարհի տարբեր ծայրերում մեր խմբերը, մեր երիտասարդությունն ինչպես են ընկալում, ինչպես են սովորում և ինչպես են կատարում մեր պարերը, և այնուհետև հայրենիքում ինչպիսի ոգևորությամբ են կարողանում ներկայացնել այդ պարերը: Կարծում եմ, որ պարը և հայկական մշակույթն այն զենքն է, որով հայ երիտասարդն, աշխարհի որ ծայրում էլ ապրի, հայ է մնալու: Այս տոնախմբությունն այն հարթակն է, որտեղ տա րբեր երկրների մեր հայրենակիցները կարողանում են ճանաչել միմյանց հետ և ընկերանալ»,- նշեց Հրանուշ Հակոբյանը:

 

«Պարարվեստի օրեր»-ի (հուլիսի 1-10-ը) շրջանակներում համերգներ կանցկացվեն Հայաստանի բոլոր մարզերում, Արցախում, ինչպես նաև Վարպետության դասընթացներ պարուսույցների համար և Օշականյան ավանդական քաղցրավենիքի օր՝ «Գյուղի տատիկ», ֆլեշմոբ:

 

Փառատոնի շրջանակներում նախատեսվում է անցկացնել նաև «Խմբերգային արվեստի օրեր», որի շրջանակներում կկայանան համերգներ Երևանում և մարզերում, Հովհաննես Չեքիջյանի 85-ամյակին նվիրված համերգ Մարզահամերգային համալիրում, «Ասմունքի փառատոն» Արցախում, ինչպես նաև «Ասմունքի երեկո» Երևանում: Բացի այդ, կանցկացվի նաև «Դուդուկի և հայկական այլ նվագարանների փառատոն», «Հայ երգի օր», որի շրջանակներում տեղի կունենա 36-հատորյա «Ազգային երգարան» մատենաշարի առաջին հրատարակության շնորհանդեսը և շքահամերգ:

 

Փառատոնին կմասնակցեն նաև ճանաչված կոլեկտիվներ և անհատ կատարողներ Հայաստանի Հանրապետությունից և Արցախից:

 

ՀՀ սփյուռքի նախարարությունը, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո 2012 թվականից իրականացնում է «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը: «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի նպատակն է Հայաստան-Սփյուռք կապերի և գործակցության հնարավորությունների ընդլայնումը, հայ մշակույթի և մշակութային ինքնության պահպանումն ու զարգացումը, Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդումը, համագործակցության նոր ձևաչափերի ստեղծումը, Հայաստանի և Սփյուռքի երիտասարդ ստեղծագործողների միջև մշակութային կապերի խորացումը, համատեղ ծրագրերի մշակմանը և իրականացմանը սատարումը, մշակույթի ոլորտում համահայկական մասնագիտական ներուժի հայտնաբերումն ու համախմբումը: