Երգչուհի Ալլա Լևոնյանը երեկ տոնում էր ծննդյան տարեդարձը: Նա բոլորել է 39 տարին, ինչի կապակցությամբ կեսգիշերից բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել: «Առաջին շնորհավորանքն ու ջերմ խոսքերը ամուսնուցս եմ լսել, այնուհետև շատ զանգեր, հաղորդագրություններ եմ ստացել ընկերներիցս, գործընկերներիցս, Հայաստանում և արտերկրում ապրող երկրպագուներիցս»,- ESem.am-ի հետ զրույցում ասաց Ալլան, ով անակնկալների պակաս չի զգացել:

 

 

«Առաջին հաճելի անակնկալը ձագուկներիս կողմից է եղել: Կեսօրին եկա տուն ու ինչ տեսնեմ, նրանք տնով մեկ փուչիկներ էին լցրել, մոմերով սեղան գցել ու տորթը ձեռքներին ինձ էին սպասում: Ժանուլիկի գլխավորությամբ երգեր, բանաստեղծություններ ու բարեմաղթանքներ էին պատրաստել, միասին տորթիկ կերնաք, երգեցինք ու պարեցինք»,- նշեց երգչուհին:

Ալլայի խոսքով` ինքը մեծ խնջույքների սիրահար չէ: «Ես մեծ, ճոխ, առատ սեղաններով խնջույքներ չեմ սիրում, ինձ համար կարևորը միջավայրի ջերմությունն ու անկեղծությունն է: Ինչ կարևոր է, թե սեղանին քանի տաք ուտեստ կլինի, կարևորը, այդ պահին հոգով տաք լինենք,- ասաց Ալլան` հավելելով, որ նախորդ  տարի համեմատաբար մեծ խնջույք էին  կազմակերպել: «Այս տարի ավելի շատ ընտանեկան տոն էի ուզում,  այդպես էլ եղավ: Երեխաների հետ նշելուց հետո ամուսնինս ինձ ռեստորան հրավիրեց, որտեղ հիանալի ժամանակ անցկացրեցինք` կերանք, խմեցինք, զրուցեցինք ու միմիյանց ջերմ խոսքեր ասացինք»:

 

 

Խոսելով ծննդյան տոնի կապակցությամբ ստացած նվերների մասին` երգչուհին ասաց, որ նվերների պակաս երբեք չի զգում: «Ամուսինս ու երեխաներս չեն սպասում, որ ծննդյանս օրն ինձ ինչ-որ բան  նվիրեն, թեև  այդ օրերին առանձնահատուկ ինչ-որ բան են պատրաստում: Երեկ Ժանուլիկս իր ձեռքով պատրաստած շատ գեղեցիկ վզնոց նվիրեց: Ամուսիսնս էլ շատ յուրահատուկ ու թանկարժեք իր, բայց չեմ ասի թե ինչ :)»,-ESem.am-ին ասաց Ալլան, ով չկարողացավ առանձնացնել մինչ այս ունեցած ամենահիշարժան ծննդյան տոնը: «Իմ բոլոր ծննդյան օրերերն էլ անմոռանալի են եղել: Մի անգամ տարեդարձիս երեկոն ԱՄՆ-ի  շատ հայտնի ակումբներից մեկում եմ անցկացրել, որտեղի երաժիշտներին ընկերներս ասել էին, որ իմ ծնունդն է, ու իրենք իմ անունը տալով էին երգում: Մի տարի էլ մանկության ընկերուհիս էր հաճելի անակնկալ կազմակերպել, ընկերներով մեր ռեստորանում էինք հավաքվել, հիշում եմ` շատ ուրախ անցավ»,- պատմեց երգչուհին:

Ծննդյան տորթի մոմերը փչելիս երգչուհին զավակների հետ կապված երազանք է պահել` նրանց համար առողջություն և բարեկեցիկ կյանք խնդրել Աստծուց:

 

 

Անդրադառնալով ստեղծագործական կյանքում սպասվելիք նորություններին` Ալլան ասաց. «Մի կարևոր բան կցանկանամ նշել, ես երբեք ստեղծագործական դադար չեմ առել, միշտ զբաղվել եմ իմ գործով: Միգուցե շատերի նման անիմաստ տեսահոլովակներ չեմ նկարահանել, որ ցույց տամ տեսեք-տեսեք ես գործ եմ անում, բայց դադար էլ չեմ առել: Այս ընթացքում և´ Երևանում, և´ արտերկրում մենահամերգներով եմ հանդես եկել, մի շարք խմբակային համերգների ու միջոցառումների եմ մասնակցել, նոր երգեր եմ  ձայնագրել: Շուտով Երևանում ևս մեկ մենահամերգ կունենա»,-  ասաց Ալլան ու հավելեց, որ հայ հանդիսատեսի համար կերգի սեպտեմբերի 14-ին` Արամ Խաչատրյան համերգասրահում: «Կարծում եմ` մինչ այդ  տեսահոլովակներիս նկարահանման աշխատանքները կավարտենք ու կհանձնեմ իմ հանդիսատեսի դատին: Տեսահոլովակներից մեկը նկարահանվելու է ամերիկամբակ երգիչ Արման Աղաջանյանի հետ զուգերգի հիման վրա:  Նրա հետ  մեկ անգամ արդեն ներկայացրել ենք կատակերգով մյուսը»,- ասաց երգչուհին` ավելացնելով,  որ մյուսն ավելի լուրջ գործ կլինի:

ESem.am-ը շնորհավորում է Ալլային և մաղթում բեղուն ստեղծագործական տարի:

 


Զրուցեց Մերի Պողոսյանը