Ճապոնիայի իրավապահ մարմինները մայիսի 8-ին կալանավորել են Իոկոհամա քաղաքի՝ Իմուրա ազգանվամբ 27-ամյա բնակչին, որին կասկածում են ապօրինի «տպագրված» հրազեն պահելու մեջ: Ինչպես տեղեկացնում են տեղական զանգվածային լրատվամիջոցները՝ ճապոնացին 3D-տպիչի միջոցով պատրաստել է մի քանի պլաստիկ ատրճանակ:

 

«Ես զենք եմ սարքել, բայց չեմ իմացել, որ դա հակաօրինական է»,- իրեն արդարացնելու համար ասել է ձերբակալվածը:

 

Նա մի քանի ամիս առաջ միանգամայն օրինական ճանապարհով 3D-տպիչ է ձեռք բերել 60 հազար իենով (ընթացիկ փոխարժեքով՝ շուրջ 600 ամերիկյան դոլարով):

 

Սակայն իրավապահ մարմինների ուշադրությունը նա գրավել Է այն բանից հետո, երբ Համացանցում զետեղել է մի քանի տեսանյութ, որոնցում ցուցադրել է իր պատրաստած զենքը: Ըստ Ճապոնիայի ոստիկանության տվյալների՝ 3D-տպիչով ատրճանակի ստեղծման գծագրերն Իմուրան ազատ կերպով ներբեռնել է ցանցից:

 

Սա դարձել է Ճապոնիայում առաջին դեպքը, երբ մարդուն պատասխանատվության են ենթարկում եռաչափ տպիչով առարկա ստեղծելու համար: