Եվրոպական երկրների երիտասարդները Հայաստանում են` ծանոթանալու երկրի գեղատեսիլ վայրերին: Ապրիլի 27-ին Եղվարդում կմեկնարկի «Բացեք ձեր աչքերը» խորագրով միջազգային դասընթաց, որին կմասնակցեն 16-30 տարեկան 28 երիտասարդ՝ Հայաստանից, Լատվիայից, Վրաստանից, Լեհաստանից, Ուկրաինայից, Մոլդովայից, Ռումինիայից և Գերմանիայից: Ինչպես տեղեկացրին «Եղվարդ» հասարակական կազմակերպությունից, ծրագրի հիմնական նպատակն է աջակցել եվրոպական երկրների երիտասարդներին` ծանոթանալու Հայաստանի գեղատեսիլ վայրերին, զարկ տալ նրանց ստեղծագործականությանը:

 

Եվրոպայի և նույնիսկ մեր հարևանությամբ գտնվող երկրների երիտասարդները չունեն կամ քիչ գիտելիքներ ունեն Հայաստանի, դրա հուշարձանների և հետաքրքիր ու նշանակալից վայրերի մասին: Այս ծրագիրը հնարավորություն կընձեռի նրանց ծանոթանալ ու տեղեկություն ստանալ աշխարհի հնագույն երկրներից մեկի, դրա հուշարձանների և հետաքրքիր վայրերի մասին:

 

Ծրագրից երկու օր կտրամադրվի դասընթացների անցկացմանը, որի ընթացքում ոչ ֆորմալ ուսուցման շնորհիվ մասնակիցները կստանան տեղեկությունններ հուշարձանների ու գեղատեսիլ բնության վերաբերյալ, օրինակ` Աղվերանի, Հանքավանի, Գառնիի, Աղավնաձորի և Աշտարակի մասին:

 

Անմիջապես դասընթացներից հետո հինգ օրվա ընթացքում մասնակիցները կայցելեն այս բոլոր վայրերը, կլուսանկարեն դրանք, այնուհետեւ մասնակիցները կհավաքեն իրենց կողմից արված բոլոր լուսանկարները, ստացած տեղեկություններն ու դրանք կտեղադրեն իրենց կողմից ստեղծված բլոգում: Նկարներից լավագույններով կստեղծեն 2015 թվականի օրացույց:

 

Բոլոր օրացույցները ծրագրից հետո կուղարկվեն մասնակիցներին ու նրանց կողմից ներկայացվող կազմակերպություններին` որպես ծրագրի արդյունք: Այս ծրագիրը կտևի 10 օր, ընթացքում տեղի կունենան ստեղծագործական սեմինարներ, քննարկումներ, միջմշակութային երեկոներ, կձևավորվեն աշխատանքային խմբեր, կկազմակերպվեն քաղաքային խաղեր ու հանդիպումներ փորձագետների հետ:

 

Ծրագիրը օգտակար կլինի այն երիտասարդների համար, ովքեր հետաքրքրված են բնապահպանական խնդիրներով, այն կդառնա երիտասարդների կողմից ներկայացվող մի փոքր մոդել՝ ինչպես զարգացնել տուրիզմը Հայաստանում:

 

Ծրագիրն անց է կացվում «Եղվարդ» երիտասարդական-բնապահպանական ՀԿ-ի և Երիտասարդական ակումբների դաշնություն (FYCA) ՀԿ-ի հետ համատեղ, Եղվարդի բնապահպանական տեղեկատվության հասարակական Օրհուս կենտրոնի համագործակցությամբ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից: