Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանի կյանքի կարևորագույն իրադարձություններին ESem.am-ն անդրադարձել է: Մարզիկը միշտ  նշել է, որ սպորտ վերադառնալու մեծ ցանկություն ունի:

 

 

 

 

ESem.am-ին օրերս հայտնի է դարձել, որ Նազիկն այլևս չի ներկայանա որպես մարզիկ, փոխարենը սկսել է զբաղվել ծանրամարտի մարզչի գործով: Մեզ հետ զրույցում Նազիկը պատմեց, որ արդեն մեկ ամսից ավելի է՝ Հայաստանի ծանրամարտի պատանի և երիտասարդ աղջիկների հավաքականի ավագ մարզիչն է: «Չեմ կարող թողնել սպորտը. ես դեռ անելիքներ ունեմ: Սակայն բժիշկներն ասացին, որ այլևս չեմ կարող ներկայանալ որպես մարզիկ (3 տարի առաջ վթարի ենթարկվելուց հետո նրա մոտ որոշակի խնդիրներ էին առաջացել, հեղ.): Ինձ համար շատ դժվար էր ընդունել դա. չէի կարողանում հաշտվել այդ մտքի հետ: Որոշեցի ընդունել որպես մարզիչ աշխատելու առաջարկն ու այդպիսով մնալ սպորտում»,-ասաց ծանրամարտիկը:

 

 

 

 

Ի դեպ, Նազիկն ու իր թիմն այս օրերին ուսումնամարզական հավաքների են ու պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը: «Այժմ պարապմունքներ ենք անցկացնում Աբովյանի սպորտբազայում, իսկ ապրիլի 27-ին կմեկնենք Լեհաստան,-ավելացրեց նա՝ նշելով, որ պարապմունքների պատճառով մի քանի օր է՝ չի տեսել փոքրիկին,- Մի կերպ եմ դիմանում կարոտին ու մի քանի օրը մեկ Երևան եմ գալիս՝ նրան տեսնելու. տղաս դեռ փոքր է՝ հինգ ամսական, սակայն շատ խելոք է մնում սկեսուրիս մոտ»:


Ներկայացրեց Արևիկ Իսաջանյանը