Գյումրեցի արվեստագետները Մեծ եղեռնի 99-րդ տարելիցի նախաշեմին իրենց բողոքն ու պահանջը կներկայացնեն արվեստի լեզվով: Այս մասին ապրիլի 17-ին Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում կայացած ասուլիսի ժամանակ նշեցին ծրագրի կազմակերպիչները՝ «Հուսո փարոս» գրական-երաժշտական ստուդիայի անդամները:

 

Ըստ բանախոսների՝ «Թղթապանակ 1915 թ.» գրական-երաժշտական ներկայացումը, որը տեղի կունենա ապրիլի 22-ին, Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում, կհնչեցնի ոչ միայն հայի ցավն ու դարդը, այլ նաև պահանջը: Հանդիսատեսին այդ օրը սպասվում է մոնոներկայացում, կենդանի երաժշտություն, կոմիտասյան մեղեդիներ, պար. արվեստի տարբեր ճյուղեր կխոսեն մեկ թեմայի շուրջ:

 

«Մեր հիմնական թեման 1915 թվականի կարևոր փաստերն են: Մեզ հետ է Կոմիտասը: Սցենարը գրվել է տարիներ առաջ՝ ջարդերը վերապրած ականատեսների հետ հանդիպման արդյունքում: Օգտվել եմ տարբեր գրքերից և բանաստեղծություններից: Ընդհանուր ելակետը Եղեռնն է, բայց սցենարը խիստ ինքնուրույն է կազմված՝ հուզելու, բայց նաև պահանջելու ակնկալիքով»,- նշեց նախաձեռնության հեղինակ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սիրանույշ Ղուկասյանը:

 

Արմենուհի Մխոյան