Կյանքում միշտ գալիս է մի շրջան, երբ գործնական ու ստեղծագործական գերակտիվությունը վերածվում է ընտանեկանի… Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցը Մայքլ Քոթանջյանն է, ով մեր ընթերցողին հայտնի է իր ուրույն ոճով, ինքնատիպ մտածողությամբ, պատանեկան խենթություններով, և այդ տարիներին շրջապատի հանդեպ չեզոք վերաբերմունքով…
-Վաղուց Ձեզանից նորություններ չունենք: Ինչո՞վ եք զբաղված:
-Այժմ աշխատում եմ իմ՝ թվով 4-րդ ձայնասկավառակի վրա: Արդեն մի քանի կատարումներ ձայնագրել եմ: Նախորդ տարի մեկ տեսահոլովակ ձայնագրեցի: Երգը հայրիկիս՝ Ռաֆայել Քոթանջյանի մասին է, կոչվում է «Արտիստ»…
-Հեռուսաեթերներում քիչ եք երևում, նախկինում առավել ակտիվ էիք, Ձեզ կարելի էր տեսնել տարբեր նախագծերում, հաղորդումներում: Հայացքները տարիքի հե՞տ փոխվեցին, թե հեռուստահաղորդումները որակապես ձեզ չեն բավարարում:
-Գրեթե բոլոր հաղորդումներից էլ առաջարկներ ստանում եմ, բայց ընտրում եմ այն ծրագրերը, որոնք, ըստ իս, ասելիք ունեն և ինձ հետաքրքիր կլինի մասնակցել… Բնականաբար, չեմ սիրում դատարկ ու ոչինչ չասող հաղորդումներ: Այսօր հեռուստաեթերներում մեծամասամբ այնպիսի հաղորդումներ են, որոնց ընթացքում ծաղրում են այս կամ այն երգչին, դերասանին, մարդուն… Ես ունեմ իմ սիրելի հաղորդաշարը, որի շրջանակներում հաճախ եմ հանդես գալիս. դա ATV հեռուստաընկերության «Ամենից-ամենա» ծրագիրն է… Բայց, ինձ թվում է, դեռ կլինեն նախագծեր, որոնք ինքս կյանքի կկոչեմ…
-Փաստորեն, հնարավոր է Ձեզ շուտով հաղորդավարի՞ կարգավիճակում տեսնենք:
-Հաղորդավար ասելը սխալ կլինի, պարզապես հեղինակային հաղորդաշար եմ ուզում ներկայացնել… Յուրաքանչյուրն ունի իր մասնագիտությունը. երգիչը չպետք է դառնա հաղորդավար, և հակառակը… Հետաքրքիր նոր մտքեր ունեմ, տեսնենք, հնարավոր կլինի՞ այս տարի իրագործել…
-Չե՞ք վախենում, որ երկարատև լռությունը ձեզ մոռացության կտա…
-Դե, այդ աստիճան լուռ չեմ… Ասեմ, որ շատ կարևոր ու հարգելի պատճառ էլ ունեմ պասիվ լինելու համար. ընտանիք եմ կազմել: Բալիկս հունվարի 14-ին դարձավ 1 տարեկան: Հիմա առօրյաս ու միտքս ընտանիքով, քան աշխատանքային վիճակով է զբաղված…
-Այդ պասիվությամբ ընտանիք պահելը դժվար չէ՞: Թե,՞ շատերի պես, ընտանեկան բիզնես ունեք:
-Այնպես չի, որ աշխատանքից ամբողջովին կտրվել եմ, պարզապես եթերում եմ քիչ երևում… Հաճախ ենք հայրիկի հետ համերգներ ունենում, և ոչ միայն Հայաստանում… Դեռ բիզնես չունենք, բայց վատ միտք չի, դեմ չեմ այդ տարբերակին: Մտածում եմ, գուցե ձեռնարկեմ ինչ-որ բան, որը օգտակար կլինի ոչ միայն ինձ…
Շարունակությունը՝ այստեղ: