Վերջին շրջանում հաճախակի են դարձել այս կամ այն հեռուստաընկերությունում պրոդյուսեր-դերասան, պրոդյուսեր-հաղորդավար կոնֆլիկտները, որոնք, երբեմն, ուղեկցվում են սպառնալիքներով, երբեմն՝ դատ ու դատաստանով…Ինչևէ, վերջերս նման մի խնդիր առաջացավ նաև «Շանթ» հեռուստաընկերության «Քաղաքում» հեռուստասերիալի արդեն սիրված, բայց նախկին կերպար Քրիստինե Եղոյանի (Ալվարդիկ) և «Դուետ» նախագծի պրոդյուսերներից մեկի միջև: Արդյունքում՝ Քրիստինեն հեռացվեց սերիալից… Life.panorama.am-ը նրա հետ որոշեց խոսել կրքերը հանդարտվելուց հետո, քանզի բռնկված ժամանակ ամեն ինչ կարող է բուռն ներկայացվել…

 

-Քրիստինե, նախ, փաստորեն, ինչ-որ առումով պարապուրդի մատնվեցիք՝ հեռացվելով սերիալից: Հիմա ինչո՞վ եք զբաղվում:

-Ես թատերական ինստիտուտի 4-րդ կուրսի ուսանողուհի եմ, կամերային թատրոնի դերասանուհի: Այժմ աշխատում եմ ձայնային տվյալներս կատարելագործեմ: Այնպես որ, բոլորովին պարապ չեմ…

 

-Ֆիլմերում երբևէ նկարահանվե՞լ եք:

-Ո՛չ, իմ առաջին փորձը եղել է սերիալը: Պատճառը ոչ թե այն էր, որ առաջարկներ չունեի, այլ՝ Արմեն Մազմանյանն ու կուրսիս ղեկավարը՝ Արմեն Խանդիկյանը մինչև 3-րդ կուրսի 2-րդ կիսամյակ թույլ չեն տվել: Մենք յուրաքանչյուր կիսամյակին մեկ ներկայացում էինք հանձնում և չէինք կարող ֆիլմերում զբաղված լինել:

 

-Խոսենք ձեր հեռացումից… Խնդիրն ինչի՞ց ծագեց…

-Ամեն ինչ սկսվեց «Դուետի» պատմությունից հետո… Ես հրաժարվեցի մասնակցել «Դուետ» նախագծին, քանի որ և երգերի ընտրությամբ, և վերաբերմունքի առումով ինձ արդեն հաճել չէր այնտեղ: Որպես «չերգիչ», չէի կարողանում իմ կամքը հայտնել, ինձ չէի լսում և դա արդարացնում էին նրանով, որ այս կամ այն երգը Սուրենի ոճը չի: Բայց շատ ներողություն, ինչո՞ւ է Սուրենը այդ նախագծում, եթե այդ նախագծի յուրաքանչյուր համերգ պետք է լինի տարբեր ոճում… «Դուետ» նախագծից ինքս եմ հեռացել, իսկ իրենք ինձ հեռացրեցին սերիալից…

 

-Դա ձեզ համար անակնկա՞լ էր:

-Անակնկալ չէր նրանով, որ նույն հեռուստաընկերության նախագիծն է… Այս ամեն ինչից հետո ես չէի էլ ցանկանում աշխատել իրենց հետ: Ամեն դեպքում, որպես իմ մասնագիտությունը հարգող դերասանուհի՝ հենց հաջորդ առավոտյան գնացել եմ նկարահանման… Բայց, փաստորեն, կարիերայիս խոչընդոտելու սպառնալիքը նշանակում էր սերիալից ինձ հանելը: Դրանով էին ինձ վախեցնում՝ մտածելով, թե դա ինձ համար կյանքի ու մահու խնդիր է ու ես գլուխս շատերի պես կկախեմ ու կասեմ. «Վայ, չհանեք, ես ամեն ինչ կանեմ, ինչպես դուք եք ասում»…

 

Շարունակությունը՝ այստեղ: