Այս օրերին Հայաստանում է ջութակահար Էդգար Հակոբյանը, ով լայն ճանաչում ունի Հայաստանից դուրս և հայտնի դեմքերից համագործակցել է Միխայիլ Շուֆուտինսկիի, Դմիտրի Մալիկովի, Սոսո Պավլիաշվիլիի, Լյուբով Ուսպենսկայայի հետ: Ռուսաստանաբնակ հայազգի ջութակահարն այժմ հայրենիքում է և Էդգարի հետ հանդիպեցինք մեր խմբագրությունում և զրուցեցինք Հայաստան գալու պատճառների, առաջիկա մենահամերգի ու այլ համագործակցությունների մասին:
«Այստեղ մի շարք աշխատանքներ ունեմ, նախ պատրաստվում եմ իմ մոսկովյան մենահամերգին, որը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին' «Միր» համերգասրահում»,- նշեց Էդգարը և հավելեց, որ մենահամերգին կլինեն նաև մի շարք հայտնի հյուրեր' երգչուհի Սոնան, Լյուբով Ուսպենսկայան, Մարգարիտա Պոզոյանը, ջութակահար Տիգրան Պետրոսյանը: Համերգի շրջանակներում Էդգարը համագործակցելու է «Մանուկ Ղազարյան» բենդի հետ:
Էդգարը, ով համերգային շրջագայություններով եղել է Եվրոպայի շատ երկրներում, վերջերս է վերադարձել Իտալիայից, որտեղ մոտ 15 օր շրջագայել են «Stars on ice» անունն ունեցողն համերգային ծրագրերով: Ի դեպ, այդ ամենը, ըստ Էդգարի, ցուցադրվել է իտալական հեռուստաալիքներով:
Էդգարը հայկական երգարվեստի ներկայացուցիչների հետ ևս համագործակցել է: Նրա վերջին համագործակցությունը Հայկոյի հետ է եղել, երբ աշխատել է «Գարեգին Նժդեհ» ֆիլմի սաունդթրեքի վրա: Խոսելով Հայկական շոուբիզնեսի մասին, և այն համեմատելով դրսի շուկայի հետ' Էդգարը նշեց. «Ցավոք, հայկական շոուբիզնեսը դեռ անցումային փուլում է և լավ վիճակում չէ: Օրինակ' Ռուսաստանում բիզնես կա, շոու'չկա, իսկ Հայաստանում անհասկանալի է' որը կա: Այն սկանդալները, որ օգտագործվում են ռուսական և արտասահմանյան շոուբիզնեսում, Հայաստանում շատ էժանագին են նայվում: Գուցե դա իր տեսքը գտնի տարիներ անց: Կան լավ, տաղանդավոր երաժիշտներ, երգիչներ, բայց նրանք չեն երգում այն երգերը, որոնք պետք են: Էլի եմ ասել, որ մեզ պետք չեն թուրքական, իրանական ելևէջներով երգեր: Մենք այլ արժեքներ, վառ անուններ ունենք: Չեմ ասում, որ բոլորը պետք է դասական երաժշտություն լսեն, բայց կարելի է օգտվել Բաբաջանյանից, Խաչատրյանից, Կոմիտասից ու ստեղծել նորը: Մեզ պետք չէ մեր երկրում լսել հարևան երկրի երաժշտությունը. իմ պետության մեջ ուզում եմ տեսնել հայկականը»:
Բացի համերգային շրջագայություններից, վերջերս Էդգարը հասցրել է նաև հանգստի մեկնել Լյուբով Ուսպենսկայայի հետ, ում ընտանիքի հետ բավականին մտերիմ է: «Ամեն տարի Լյուբան երկու ամսով Իսպանիա է մեկնում. նա Մարբելայում վերցնում է վիլա ու այնտեղ անցկացնում իր հանգիստը: Ամեն տարի խոստանում էի հյուր գնալ, սակայն չէր ստացվում: Այս տարի վերջապես գնացի, հանգստացա ու մեծ բավականություն ստացա,-պատմեց Էդգարը և տեղեկացրեց, որ այդ ընթացքում նաև ստեղծագործելու ժամանակ է գտել,- Երեկոյան մի քանի ժամ տրամադրում էի ստեղծագործելուն և համերգիս մասին էի մտածում»:
Նշենք, որ 2004-ին' ջութակահարը թողարկել է առաջին «One Violin Story» ձայնասկավառակը, իսկ 2008-ին'երկրորդը' «In tranzit»-ը: Այժմ էլ Էդգարը զբաղված է նոր' «Tribute in Armenia» ձայնասկավառակի աշխատանքներով, որում, ըստ երաժշտի, պետք է հզոր կատարումներ լինեն, քանի որ անվանումը Հայաստանի հետ է կապված:
Զրույցը' Արևիկ Իսաջանյանի