Երեխային քնեցնելիս շատ ծնողներ նրան ծծակով կաթ են տալիս։ Նրանք տեսնում են, որ փոքրիկն այս դեպքում ավելի հաճույքով է անկողին մտնում: Այդ պատճառով էլ, նույնիսկ երբ երեխային կտրում են կրծքից, և նա կարողանում է խմել բաժակից, ևս մի քանի տարի քնելուց առաջ ծծակով կաթ են տալիս։Թեև դա ինքնին նկատելի վնաս չի պատճառում, այնուամենայնիվ առկա են որոշ հոգեբանական ռիսկեր։

1. Եթե երեխան արդեն կտրվել է կրծքից, ապա ծծակով կաթն, անկախ մեր կամքից, մղում է նրան վերադառնալու դեպի իր զարգացման վաղ շրջանր։

2. Ըստ էության, ծծակի օգնությամբ մենք սիրաշահում ենք նրան՝ ցանկանալով, որ հնարավորինս շուտ պառկի քնելու։ Որոշ ժամանակ անց՝ այդ պարգևն արդեն բավարար չի լինի, և երեխան կպահանջի մեկ այլ բան, որն գուցե արդեն հնարավոր չլինի տալ նրան։

3. Երբ միաժամանակ գործի են դրվում երկու տարբեր գործողություններ՝ քնելն ու ուտելն, ապա երեխայի մոտ կարոդ են երկակի բարդություններ ձևավորվել։ Հեշտ չի լինի նրանից վերցնել ծծակը, որին արդեն սովոր է։

Համեմատաբար ավելի հեշտ է չսովորեցնել ծծակին։ Բավական է միայն հստակ առանձնացնել ուտելը քնելուց։ Անկասկած, վաղ մանկական տարիքում երեխան հաճախ քնում է ուտելու ընթացքում, բայց մեծանալով նա սովորում է ինքնուրույն նստել և հաստատ ուտելիս չի քնի։Հենց այստեղ է, որ ծնողները հաճախ սխալ են թույլ տալիս' նստած երեխային խիտ կերակուր տալիս, որից հետո, ձգտելով կրճատել այդ գործընթացն ու զբաղվել այլ գործերով, պառկեցնում են նրան մահճակալին և կաթով կամ այլ հեղուկ սննդով ծծակ տալիս։ Մինչդեռ շատ կարևոր է կազմակերպել կերակրելն ու քնեցնելն այնպես, որ երեխան այդ երկու գործողություններն իր գիտակցության մեջ չմիավորի ու չխառնի իրար։ Եթե ուտելուց հետո փոքրիկը որոշ ժամանակ դեռ անկողնում չէ և կրկին ուտել է ուզում, ապա կարելի է նստեցնել ծնկներին ու կերակրել։

Ոչ մի դեպքում չպետք է սնունդ կամ ծծակ տալ, եթե նա արդեն պառկել է քնելու։ Իսկ եթե սխալն արդեն արված է, և երեխան քուն է մտնում միայն ծծակով, ապա այդ սովորությունը հաղթահարելը շատ ավելի դժվար կլինի։ Ծծակով հեղուկը տալուց հետո ավելի լավ է սպասել, մինչև երեխան կշտանա, և նոր միայն պառկեցնել մահճակալին։ Ընդ որում,նրան հանգստի և ինքնավստահության զգացումներ ապահովող շիշն անմիջապես փոխարինեք որևէ բանով, օրինակ՝ որևէ փափուկ խաղալիքով կամ գիշերային լապտերիկով։ Բայց շատ զգույշ եղեք և հույս մի ունեցեք, թե մեկ երեկոյի ընթացքում հաջողության կհասնեք։ Եվ, իհարկե, խորհուրդ չի տրվում կտրուկ վերցնել ծծակն ու ասել երեխային, որ նա արդեն մեծ է։