Երբ մենք տեսնում ենք որևէ նոր մարդու, հատկապես, երբ ծանոթանում ենք նրա հետ, անմիջապես և անկախ մեր կամքից փորձում ենք հասկանալ, թե ինչ անձնային գծեր ունի, ինչ դիրք է գրավում հասարակության մեջ, ինչ մասնագիտություն ունի և այլն: Այլ կերպ ասած' մենք փորձում ենք դուրս գալ անմիջական զգայական ընկալման սահմաններից և իմանալ այն, ինչn ընկալման պատկերի մեջ մեզ տրված չէ:

Այս երևույթի իրական լինելը ստուգում են հետևյալ պարզ փորձի օգնությամբ.
Փորձարկվողներին ցույց են տալիս երկու տղամարդկանց նկարներ, որոնցից մեկը հաճելի արտաքին ունի, իսկ մյուսը' տհաճ: Խնդրում են ասել, թե նրանցից յուրաքանչյուրը բնավորության, խառնվածքի, վարքի և այլ ինչ գծեր ունի: Չնայած ընկալված ինֆորմացիան այնքան էլ հարուստ չէ' փորձարկվողները կարողանում են դուրս գալ նրա սահմաններից և ասում են, որ հաճելի արտաքինով մարդը բարեհոգի, հաճելի բնավորությամբ մարդ է, ունի ավելի բարձր սոցիալական դիրք, ավելի նվիրված ամուսին է, ավելի հետաքրքիր անձնավորություն է, քան նա ով ունի տհաճ արտաքին: Նման մեկնաբանություն անելիս փորձարկվողները տալիս են իրենց նախօրոք հայտնի որոշ թվով փոխկապակցված մարդկային գծերի մասին պատկերացումներ, գծեր, որոնք նրանց կարծիքով բնորոշ են որոշակի արտաքին ունեցող մարդկանց: Դրանք ստերիոտիպ պատկերացումներ են, որոնց օգնությամբ մարդիկ իմաստավորում են իրենց սոցիալական ընկալումները:

Կյանքի ընթացքում մեզանից յուրաքանչյուրը տարբեր արտաքին ունեցող մարդկանց հոգեբանական հատկությունների մասին ձեռք է բերում ստերիոտիպ պատկերացումներ, որոնք հաճախ սխալ են: Ընդ որում1' սխալ պատկերացումները, որոնք տարածվում են ոչ միայն ավանդույթների բանավոր փոխանցմամբ, այլև գեղարվեստական գրականության միջոցով: Սակայն որքան էլ սխալ լինեն տվյալ պատկերացումները, յուրաքանչյուր մարդ էլ իր կողմից ընկալվող ամեն մի նոր ծանոթի իմաստավորում, ընկալում է այդ պատկերացումների դիրքերից:

Ներկայացնենք մի քանի ստերիոտիպ պատկերացումներ:

Լայնորեն տարածված է մի կարծիք՝ ըստ որի, օրինակ՝ հաստ շրթունքներով մարդիկ հակված են զգայական հաճույքների, իսկ բարակ շրթունքներ ունեցողները դաժան են, մեծ աչքերը վառ իմացության, արթուն մտքի նշան է, փոքր և շարժուն աչքերը' նախանձի և չարաճճիության: Բարձր և լայն ճակատը մեծ խոսքի նշան է, թեթև ուռած, կլոր ճակատը բնորոշ է փառասեր, ընդդիմադիր, մի փոքր հանդուգն մարդկանց, իսկ ճակատի վրայով անցնող ուղղաձիգ ուռած երակը մեծ կարողությունների նշան է: Դեռևս հնում գոյություն ուներ մի գիտություն, որն անվանում էին դիմագիտություն: Այն զբաղվում էր մարդկանց դեմքի միջոցով նրանց ''ներքին որակները'' որոշելով: Դիմագետները գտնում էին, որ ուղղանկյունաձև դեմք ունեցող մարդիկ հեռատես, զգայուն, ազնիվ ու հանգիստ են: Սովորաբար նրանք կյանքում մեծ երջանկության ու հաջողության են հասնում: Եռանկյունաձև դեմքը խորամանկության, խանդոտության, չհամակերպվողության և կասկածամտության նշան է: Քառակուսու ձև ունեցող մարդկանց դեմքը բնորոշում է բարություն, համառություն, ուշ և դժվար հասկացում: Կլոր դեմքի ձև ունեցող մարդիկ սիրում են գեղեցկությունը, նուրբ են, մեղմ և մատերիալիստ:

Այսպիսով, ստերիոտիպերը զույգի ընտրության գործընթացում ունեն և´ դրական, և´ բացասական կողմեր: Դրական կարելի է համարել այն, որ մարդիկ դրանց միջոցով լրացնում են ինֆորմացիայի պակասը: Սակայն հարկ է հիշել, որ նման ինֆորմացիան հաճախ սխալ է լինում. օրինակ՝ շատ մարդիկ հրաժարվում և խուսափում են շփվել կապույտ աչքերով մարդկանց հետ' համարելով նրանց խորամանկ: Կարելի է ասել, որ ստերիոտիպ պատկերացումները զույգի ընտրության գործընթացում ունեն իրենց ազդեցությունը միայն սկզբնական շրջանում' ծանոթության փուլում, երբ դեռ զույգի անձնային գծերը լիովին բացահայտված չեն, սակայն այդ պատկերացումները մեծ նշանակություն ունեն մարդու կյանքում, քանի որ ամեն ինչ սկսվում է ծանոթությունից: