Վերջերս esyes.am-ին պարզ է դարձել, որ «Անուրջներ» հեռուստասերիալի Վահեն ու Մանեն ' իրականում Ազատ Հակոբյանն ու Անուշիկ Գևորգյանն ընկերություն են անում:

Ազատի և Անուշիկի հանդիպումը սերիալի շնորհիվ է կայացել, թեև նրանք միասին շատ հազվադեպ են նկարահանման եղել: Անուշիկի խոսքերով' հանդիպել են Շանթում, այնուհետև սկսել են շփվել ու ընկերացել են: «Երկու տարվա մտերմությունից ու ընկերությունից հետո մի օր Ազատն ինձ ամուսնության առաջարկություն արեց նկարահանման հրապարակում, որը, բնականաբար, մերժեցի»,- esyes.am-ին պատմեց Թատերական ինստիտուտն ավարտած դերասանուհին, իսկ Ազատը վերջինիս մերժումը հետևյալ կերպ բացատրեց. «Ինքս էլ չգիտեմ, թե ինչպես եղավ ամուսնության առաջարկությունը: Մտադրված չեմ գնացել նկարահանման, պարզապես այդպես ստացվեց: Կարող եմ ասել, որ Անուշիկի մերժումը անսպասելիության հետևանք էր, թեև կանչող մերժում էր»: Զույգը պատմեց նաև, որ նկարահանման հրապարակում բոլորը միաբերան նշել են, որ մինչև Անուշիկի «չէ»-ն «հա» չդառնա, նկարահանումը չեն շարունակելու: «Ինձ համար որքան էլ զարմանալի էր, բոլորն Ազատի կողմից էին և ուզում էին, որ անպայման ընդունեմ առաջարկը»,-շեշտեց դերասանուհին:

Ըստ Անուշիկի' Ազատը քիչ է խոսում իր զգացմունքների մասին' փոխարենը վերաբերմունքով է այն հաճախ ցույց տալիս. «Մեր հարաբերությունների հիմքում ընկերություն է եղել, այդ իսկ պատճառով էլ ամեն ինչ ինքնըստինքյան է ստացվել' առանց սիրո խոստովանությունների»:
Զրույցի ընթացքում մասնագիտությամբ հաղորդավար Ազատն ասաց, որ ընկերական շփման ընթացքում կարողացել է բացահայտել Անուշիկի մարդկային հատկանիշները և վերջինս իրեն գերել է ոչ միայն գեղեցկությամբ, մտածելակերպով, այլև խելացիությամբ:

Զույգի փոխանցմամբ' հարաբերությունների օրինականացման հստակ ժամանակացույց չեն որոշել, սակայն չի բացառվում, որ Նոր տարին անակնկալներով սկսվի: «Մենք չենք առաջնորդվում նրանով, որ հաճախ են ասում' արդեն ձեր ամուսնանալու ժամանակն է: Կարծում եմ, պահը պետք է հասունանա»,-ավելացրեց Անուշիկը:
Տեղեկացնենք նաև, որ զույգը պատրաստվում է հանգստի մեկնել' վայելելու ամռան վերջին օրերը: esyes.am-ն իր ընթերցողներին կպատմի նրանց հանգստի մասին: