Գերմանիայի բնակիչը բրիտանական Գաստինգս քաղաքի եկեղեցուն է վերադարձրել Աստվածաշնչի օրինակը, որը նա վերցրել էր 42 տարի առաջ, հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով BBC News-ին:

Ըստ Սուրբ Երրորդության եկեղեցու ցուցանմուշները պահող Սայմոն Սքոթթի՝ վերջերս եկեղեցի է եկել անանուն նամակ, որում նշվում էր, որ նրանք շուտով Աստվածաշնչով ծանրոց կստանան:

Սքոթթը պատմել է, որ տղամարդը Աստվածաշունչը գողացել է, երբ անգլերեն էր սովորում Գաստինգսում: Նրան չի բավարարել թանկարժեք և անօգուտ ուսուցումը, ինչի արդյունքում պարապունքներից մեկի ժամանակ որոշել է գողանալ Աստվածաշնչի օրինակը, որը տպագրվել է մոտ 200 տարի առաջ:

Գերմանացին կարծում էր, որ տուն վերադառնալուց հետո նա կկարդա անգլիալեզու Աստվածաշունչը և կբարելավի իր անգլերենի իմացությունը, սակայն նրան չի հաջողվել իրագործել իր մտադրությունը: Նամակում նա նշում է, որ նրա կինը դժգոհ է եղել գողությունից, սակայն նա գիրքը ետ է վերադարձրել միայն թոշակի անցնելուց հետո:

Եկեղեցում նշում են, որ գողացված Աստվածաշունչը առանձնապես թանկարժեք չէր, որովհետև նմանօրինակ աշխատանքները 19-րդ դարում տարածված էին ապահովված ընտանիքներում: