Հայագիտական համազգային կենտրոնի հիմնադիր-նախագահ Գևորգ Ներսիսյանի համոզմամբ՝ eBay-ում վաճառքի հանված Նարեկացու ձեռագիրը, եթե այն իրոք արժեքավոր է, հայկական կողմը պիտի ձգտի անպայման ձեռք բերել, որ հետագայում վերավաճառողներն այն էջ առ էջ չվաճառեն: Գևորգ Ներսիսյանն ասում է, որ Լոնդոնում ինքը նման իրավիճակում հայտնվել է, երբ 50 դոլարով գնել է մի շատ յուրահատուկ լուսանցազարդ, հաջորդ օրը նույն վաճառողը նրան առաջարկել է գրքի մեկ այլ թերթ, որը հետո պարզվել է՝ իր գնածին հաջորդող էջն է եղել:

«Մի շաբաթ առաջ Ֆեյսբուքով տարածված լուրը, որ Նարեկացու ձեռագիրը ռուսական ինչ-որ մի սայթով հանվել է վաճառքի, հետաքրքրել էր նաև ինձ: Նայեցի, բնականաբար, վստահություն չներշնչեց այդ հայտարարությունը, մանավանդ որ, ոչ մի տվյալ դրած չէր, բացի 4 հատ ֆոտոյից ու ֆիքսած գնից՝ 30 հազար ԱՄՆ դոլար: Չկային մանրամասնություններ: Ֆեյսբուքում դրա հետ կապված քննարկումներ եղան, մեկն անգամ գրեց, թե 14-րդ դարի ձեռագիր է, բայց ես այդքան վստահ չէի, որ պնդեի դա»,- ասում Գևորգ Ներսիսյանը:

Հայագիտական համազգային կենտրոնի նախագահն ուսումնասիրել է eBay-ում տեղադրված Նարեկացու ձեռագրի ֆոտոները և եկել այն համոզման, որ այնտեղ պատկերված գրվածքն ու գլխազարդը հիշեցնում են 1600-ականների կեսերի գրվածքները:

«Մեր կենտրոնը զբաղվում է մինչև 1800-ականներն արված հայկական տպագիր զարդարվեստի ուսումնասիրությամբ: Ինչպես հայտնի է, զարդագիր արվեստի ակունքը ձեռագրերն են: Երբ դեռ գրում էին մագաղաթի վրա, որն, ի դեպ, շատ թանկ էր, խնայելու նպատակով գրում էին բոլորատառերով, երբ հայտնվեց թուղթը, որն ավելի էժան էր, ձեռագրի տառերն էլ, ըստ այդմ, խոշորացան, դրա համար եմ համոզված, որ 30 հազար դոլար գին ունեցող այս ձեռագիրը ոչ թե 14-րդ, այլ մինչև 17-րդ դարի գործ է: Բայց, դե, ցանկացած ձեռագիր ինքը եզակի է»,- պնդում է Գևորգ Ներսիսյանը:

Նրան տարօրինակ է թվացել այն, որ վաճառքի հանված ձեռագիրը դրված է ոչ թե մեկնարկային գնով, այլ՝ ֆիքսված: Ցանկացած աճուրդի դեպքում գոյություն ունի մեկնարկային գին: Մասնակիցների առաջարկած գնի արդյունքում՝ ձևավորվում է վաճառքի գինը: Գևորգ Ներսիսյանն ասում է, որ ինքը պատրաստ է առաջարկվող ձեռագրի համար վճարել 5000 ԱՄՆ դոլար, բայց ոչ 30 հազար:

«Հիմա էս մարդը, ով վաճառում է Նարեկացու ձեռագիրը, այն գնահատել է 30 հազար դոլար: Կգնեն՝ կգնեն, չեն գնի՝ չեն գնի: Հիմա, եթե որպես գնորդ ու շահագրգիռ կողմ համարում ենք Մատենադարանը, ապա նա չի կարող գումար տրամադրել, քանի որ սովորաբար նման թանկարժեք ձեռագրերը ձեռք են բերվում բարերարների միջոցով: Այս պարագայում ընդամենը պետք է հասկանալ՝ ով է վաճառողը և կա՞ արդյոք այն բարերարը, ով հարկ կհամարի վճարել 30 հազար դոլար ձեռագրի համար»,- նկատում է Գևորգ Ներսիսյանը: