Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան Ֆուտբոլի ազգային օրվան ընդառաջ հրապարակել է սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքները, որոնցում նշվում է, որ երկրպագուների 63%-ը խոստովանել է, որ ֆուտբոլը խոսակցության իրենց սիրելի թեման է: Երկրպագուների 94%-ը նշել է, որ իրենց տարին ծրագրում են' հաշվի առնելով ֆուտբոլային սեզոնի օրացույցը, իսկ 89%-ը իրենց տոները և ուղևորություններն այնպես են ծրագրում, որպեսզի բաց չթողնեն կարևոր խաղերը: 91% խոստովանել է, որ հանուն ֆուտբոլի հրաժարվել են հարսանիքի կամ ծննդյան տոնի հրավերից:

Հարցվածների 52%-ը խոստովանել է, որ ֆուտբոլի մասին ավելի շատ են մտածում, քան ուտելիքի, իսկ 50%-ը ավելի հաճախ, քան աշխատանքի:

Աղմկահարույց նորությունները անգլիացի երկրպագուների 59%-ին ստիպում են իրենց ընկերներին SMS-ներ կամ այլ էլեկտրոնային հաղորդագրություններ գրել, իսկ 65% միանգամից զանգահարում է ընկերներին: 50%-ը հայտնել է, որ ֆուտբոլային սեզոնի սկզբում նրանք իրենց ավելի լավ են զգում, քան տարվա այլ ժամանակահատվածում: