Յուրաքանչյուր մարդու կյանքում գալիս է մի պահ, երբ անհրաժեշտ է մտածել լուրջ հարաբերությունների ստեղծման մասին: Դեռ վաղ մանկությունից մեր մեջ բարոյական կարծրատիպեր են սերմանվում այն մասին, որ ապագայում մեզնից յուրաքանչյուրը պետք է ստեղծի հասարակության ամուր բջիջ, որը կրում է “ընտանիք” անվանումը: Մարդու համար բարդ է կյանքի բոլոր նպատակներին միայնակ հասնելը: Ցանկանում ենք, որ մեր կողքին լինի հարազատ մարդ, ով կկարողանա կիսվել մեզ հետ իր ողջ թախծով և ուրախությամբ: Ոչ ոքի համար գաղտնիք չէ այն փաստը, որ երեխայի անհատականության լիարժեք ու բազմակողմանի զարգացման համար անհրաժեշտ է, որ վերջինս արժանավայել ընտանիքում մեծանա: Սերը, թերևս, հանդիսանում է ամուր հարաբերությունների հիմնական բաղադրիչը: Անշուշտ ամեն մարդ այս հասկացությունը վերծանում է իր ձևով: Ինչ-որ մեկի համար սերն առաջին հերթին ասոցիացվում է կրքի հետ, մյուսների համար՝ կայունության, երրորդների համար՝ քնքշության և այլն: Ամեն ինչ կախված է մարդու անհատական առանձնահատկություններից:

Ինչպե՞ս գիտակցել, որ Ձեզ կողքին հենց Ձեզ համապատասխան մարդն է

Ձեր կյանքում, ամենայն հավանականությամբ, արդեն եղել են սիրավեպեր, որոնք հիշողության մեջ անջնջելի տպավորություններ են թողել և թույլ են տվել կյանքի անգին փորձ ստանալ: Եվ ահա, եկել է այն պահը, երբ հանդիպել եք մի մարդու, որի հետ կցանկանայիք անցկացնել մնացած ողջ կյանքը: Արժե՞ արդյոք ընտրությունը կանգնեցնել հենց այդ մարդու վրա: Ինչպե՞ս հասկանալ՝ արդյոք համապատասխանում է նա Ձեզ բոլոր չափանիշներով, թե սա էլ է հերթական կարճաժամկետ սիրավեպ:
Որքան էլ ցինիկաբար դա հնչի, սակայն լուրջ հարաբերությունների կառուցման մեջ ամենևին էլ պետք չէ գլխակորույս նետվել ճահիճը, քանի որ կարող եք ժամանակի զգալի մի մաս կորցնել Ձեզ անհամապատասխան մարդու վրա, իսկ ժամանակը չվերականգնվող ռեսուրս է: Հոգեբանները խարհուրդ են տալիս մանրակրկտորեն վերլուծել ստեղծված իրավիճակը: Թղթի կտոր վերցրեք և աշխատեք գրի առնել Ձեր սիրելիի բոլոր դրական և բացասական հատկանիշները: Այս աշխատանքի կատարմանը վերաբերվեք ամենայն պատասխանատվությամբ, քանի որ այն Ձեզ թույլ կտա կայացնել կյանքի ամենակարևոր որոշումներից մեկը: Ձեր մտքին եկած բնավորության բոլոր գծերը գրառելուց հետո հարկ է վերլուծել ստացված արդյունքները: Այստեղ յուրաքանչյուրն ունի իր համակարգը: Խորհուրդ է տրվում առանձնացնել բնավորության այն գծերը, որոնք Ձեզ համար առավել կարևոր են: Եթե հասկանում եք, որ Ձեր առջև դրված խնդիրն ինքնուրույն լուծել չի ստացվում, դիմեք հոգեբանի, որը Ձեզ կօգնի ճիշտ կողմնորոշվել այդ հարցում: Հոգեբանի ծառայություններին դիմելն ամենևին էլ ամոթալի չէ, այլ ընդհակառակը՝ ճիշտ է, քանի որ այդպես է վարվում ցանկացած իրեն հարգող ժամանակակից մարդ, որին այնքան էլ չի հաջողվում գլուխ հանել սեփական մտքերից ու խնդիրներից:

Ինչպե՞ս խուսափել հարաբերություններում տիպիկ սխալներից

Յուրաքանչյուր մարդ սխալներ է գործում, և դա բնական է ու ճիշտ, քանի որ միայն դրանց վրա ենք մենք սովորում: Սակայն ինչո՞ւ կրկնել այլ մարդկանց տիպիկ սխալները, եթե կարելի է դրանցից խուսափել:
Ստորև Ձեր ուշադրությանն ենք առաջարկում մի քանի խորհուրդ, որոնք թույլ կտան խուսափել հարաբերություններում ամենատարածված սխալներից.

Զուգընկերոջը վերահսկելու մշտական ցանկություն: Հիշե՛ք այն մասին, որ վստահությունը հիմնական գործոնն է, որի վրա հիմնվում են հարաբերությունները: Առանց վստահության դուք չեք կարողանա լիովին բացվել միմյանց առջև: Հարկ է նշել նաև, որ խանդը նույնպես անվստահության դրսևորում է հանդիսանում: Պետք է հասկանալ, որ մշտական հսկողությամբ Դուք չեք կարողանա դեպի լավը փոխել սիրելիի վարքագիծը, այլ միայն կկրկնապատկեք նրա բացասական էմոցիաները Ձեր հանդեպ:
Մարդուն ցանկացած հասանելի միջոցներով փոխելու ցանկություն: Հասկացե՛ք, որ Դուք հանդիպում եք լիովին ձևավորված անհատի՝ իր սեփական աշխարհայացքով և կյանքի նպատակներով: Ամենևին էլ չարժե ձգտել վերափոխել նրան ըստ Ձեր հարմարության:
Ամեն ինչ ինքնուրույն կատարելու ցանկություն: Հիշե՛ք այն մասին, որ “ինչպես նավն անվանես, այնպես էլ այն կլողա”: Պետք չէ ի սկզբանե պատասխանատվության ողջ բեռը սեփական ուսերին բարդել: Բաշխե՛ք պարտականությունները:
Դավաճանությունները, ծեծն ու վիրավորանքները հանդուրժելու ունակություն: Հարգե՛ք ինքներդ Ձեզ, իմացե՛ք Ձեր արժեքը: Հիշեք այն մասին, որ մարդու էությունը չի փոխվում: Եթե նա դավաճանեց կամ բռնության ենթարկեց մեկ անգամ, ապա, ամենայն հավանականությամբ, երկրորդ անգամ նույնպես դա կանի:
Ամբողջովին փոխվելու և սիրելիի իդեալին համապատասխանելու ցանկություն: Իսկ պե՞տք է արդյոք դա Ձեզ: Եթե մարդն ի սկզբանե չի կարող ընդունել Ձեր բացասական կողմերը, ապա կարելի՞ է արդյոք ընդհանրապես խոսել սիրո մասին: Անգամ եթե Ձեզ հաջողվի փոխվել, որքա՞ն երկար դա կտևի: Չէ՞ որ Դուք ինքներդ Ձեզ անհարմարավետ կզգաք Ձեր անհատականությունը կորցնելու պատճառով:
Ինչպե՞ս անել, որ զգացմունքները չմարեն

Գոյություն ունի կարծրատիպ այն մասին, որ սերն ապրում է միայն երեք տարի: Ճի՞շտ է դա արդյոք: Ամենևին էլ ոչ, քանի որ ամեն ինչ կախված է մարդկանցից, ամեն ինչ մեր ձեռքերում է: Հարաբերությունները պետք է անընդհատ զարգանան՝ անցնելով նոր, ավելի բարձր մակարդակի: Ամենից հաճախ զգացմունքները մարում են հենց այն պատճառով, որ հարաբերություններում չկա որևէ զարգացում կամ առաջընթաց: Մարդիկ ուղղակի ձանձրանում են միմյանց հետ: Նրանք դադարում են սրտից բխող քնքշանք և հոգատարություն դրսևորել:
Լուրջ հարաբերությունների զարգացման մեջ կյանքի սեռական մասը նույնպես շատ կարևոր դեր է խաղում: Փորձե՛ք բազմազանել Ձեր ինտիմ կյանքը և պարբերաբար ինչ-որ նորույթ ավելացրեք, ինչը թույլ կտա բազում դրական զգացողություններ ստանալ:

Ինչպե՞ս սովորել համատեղ ծրագրեր կազմել և հասնել դրված նպատակներին

Պետք չէ մոռանալ այն մասին, որ լուրջ հարաբերությունների մեջ գտնվող մարդիկ մեկ ամբողջություն են կազմում: Հենց այս պատճառով էլ ձեզ անհրաժեշտ է սովորել համատեղ ծրագրեր կազմել և իրագործել դրանք կյանքում: Աշխատե՛ք հաճախ միմյանց հետ զրուցել ապագայի մասին: Սակայն ամենևին պետք չէ կանգ առնել միայն երազանքների վրա: Փորձե՛ք մոտ ապագայի համար իրատեսական նպատակների ծրագիր կազմել: Եթե տարաձայնություններ ծագեն, ապա աշխատեք փոխզիջման գնալ, քանի որ ստիպված կլինեք սովորել զիջել միմյանց:

Ի՞նչ անել, եթե չի ստացվում հարաբերություններում խնդիրներն ինքնուրույն լուծել

Երբ սկսում եք հասկանալ, որ հարաբերություններում լուրջ խնդիրներ են ծագել և Դուք չեք կարող դրանք լուծել ինքնուրույն, իսկ սիրելիի հետ բաժանվելը Ձեզ համար անընդունելի է, ապա պետք է դիմել ընտանեկան հոգեբանի, որը վերլուծելով Ձեր իրավիճակը' կկարողանա նպաստել խնդրի լուծմանը: