Աչքերի տակ գոյացած պարկերը հիմնականում ժառանգական բնույթ են կրում, և բժշկությունը անզոր է լինում դրա դեմ պայքարելու հարցում: Բայց շատ հաճախ դրա առաջացման պատճառը ալկոհոլի շատ գործածությունը, անբավարար քունը կամ արյան դանդաղ շրջանառությունն է լինում:
Ըստ որոշ մասնագետների' պատճառը դեմքի այդ հատվածներում ներմաշկային ճարպի բացակայությունն է լինում: Դրան կարող է նպաստել նաև ակտիվ քրտնարտադրությունը և ուժգին հոգնածությունը: Ալկոհոլի շատ և հաճախակի օգտագործման դեպքում մաշկի մեջ նվազում է խոնավության մակարդակը:
Արդյունքում աչքերի տակի բարակ և նուրբ մաշկը այնքան է բարակում, որ նույնիսկ արյան մազանոթներն են նկատելի դառնում:

Աչքերի տակ գոյացած մուգ պարկերի համար հանգստացնող հրաշալի միջոցներ են մաղադանոսով և հում կարտոֆիլով պատրաստված դիմակները: Կարող եք պարզապես կարտոֆիլը մաքրել, լվանալ, քերիչով անցկացնել, լցնել թանզիֆի կտորի վրա և 15-20 րոպե պահել աչքերի վրա:
Մաղադանոսը (պետրուշկա) լավ լվացեք, հյութը քամեք և նույն ձևով առավոտյան և երեկոյան տեղադրեք աչքերի վրա: Այս դեպքում օգտակար են այն բոլոր միջոցները, որոնք ակտիվացնում են արյան շրջանառությունը: Օրինակ' սառը օղիով թրջոցները:

Շատ հաճախ դեմքի մաշկի վրա շատ փոքրիկ կարմիր «աստղիկներ» են գոյանում. դրանք մաշկի տակ գտնվող արյան մազանոթներն են, որոնք տարբեր պատճառներով լայնանում են: Մաշկի մեջ արյան լավ մատակարարման դեպքում բարձր կամ ցածր ջերմաստիճանի առկայությամբ մազանոթները լայնանում և կրկին նեղանում են: Երբ այդ պրոցեսը վատ է կատարվում' խաթարվում է, մազանոթները մնում են լայնացած և մաշկի վրա "աստղիկներ" են առաջանում:

Եթե ձեր դեմքի մաշկը «աստղիկների» առաջացման հակում ունի, ուրեմն խուսափեք այն բոլոր միջոցներից, սնուցող դիմակներից, ինչը կարող է ուժեղ խթանել արյան շրջանառությունը' գերծանրաբեռնելով անոթների աշխատանքը: Ցանկալի չեն օդի ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունները, արևային վաննաները, սաունան և շատ տաք ջուրը: Նաև խուսափեք ալկոհոլից և կծու սնունդից: Իհարկե, այժմ արդեն լազերային միջոցներով բժշկությունը կարողանում է պայքարել նման երևույթների դեմ, սակայն պետք է հետևել, որպեսզի դրանք նորից չառաջանան:
Որքան էլ լազերային ճանապարհով դրանք հեռացվեն, միևնույն է, արյունատար անոթների թուլությունը չի վերանում, ինչն էլ նպաստում է նոր "աստղիկների" առաջացմանը:

Ամսագիր "Ֆարմացեվտ պրակտիկ"